ԱԺ վերջին նիստին ելույթ ունեցավ նաեւ Սյունիքի ձայնը
5-րդ գումարման ԱԺ 7-րդ նստաշրջանի վերջին ժամերին քննարկվում է Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրը: Պոչամբարների վերամշակումն իրականացնելու է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, իսկ ծրագիրը ֆինանսավորելու է միջազգային VSEI ձեռնարկությունների խումբը, որը խոստանում է պոչամբարների ռիսկայնությունը նվազեցնել, արտադրել գյուղատնտեսության համար հակակարկտային ցանցեր եւ մոտ 400-450 հա գյուղատնտեսական հողատարածքներ կդրվեն ոռոգման տակ: Նիստի ընթացքում իր ակտիվությամբ աչքի ընկավ ՀՀԿ պատգամավոր Արմեն Կարապետյանը, որը Սյունիքի մարզից է եւ երբեւէ աչքի չի ընկել իր ակտիվությամբ: Նա ԱԺ պատգամավոր դարձավ` ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի փոխարինելով Վահե Հակոբյանին: Պարոն Կարապետյանը ոչ միայն ակտիվորեն հարցեր էր ուղղում հիմնական եւ հարակից զեկուցողներին, այլեւ հանդես եկավ ելույթով: Այս հանգամանքը չանտեսվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աչքից. «Ելույթ է ունենում Սյունիքի ձայնը»: Արմեն Կարապետյանն իր ելույթում հայտարարեց, որ մտահոգվելու խնդիր չկա` այս նախագծով միայն պետք է ուրախանալ. «Կբացվեն աշխատատեղեր` 1000 մշտական, 500 ժամանակավոր, իսկ ծրագրի 2-րդ փուլի գործարկման ժամանակ` այս թիվը կհասնի մինչեւ 6000 աշխատողի: Անհանգստանալու խնդիր չկա»: Նրա ելույթից հետո պարոն Շարմազանովը կրկին արձագանքեց. «Ես միանում եմ Տաճատ Վարդապետյանի ասածին` ԱԺ մյուս նստաշրջանին ավելի շատ ելույթներով հանդես կգաք»: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղից բացականչեց Արմեն Կարապետյանի ուղղությամբ. «Շնորհավորում եմ, ձեզ ընտրությունների ժամանակ եմ տեսել…»: «Տիկին Փոստանջյան, էտ լավ բաները տեղից մի ասա, ամբիոնից կասես»: Պարոն Շարմազանովի տրամադրությունը բավականին բարձր էր: Նա կատակեց նաեւ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ, որը ամբիոնին մոտենալով` տեսավ, որ մեկ ուրիշի ելույթի տեքստը մնացել է ամբիոնի վրա: «Երեւի բյուջեի քննարկումից է մնացել: Պարոն Մարգարյան, գիտեմ, որ դուք եք ձեր ելույթները գրում, այնպես որ որեւէ մեկի ելույթի հետ չեք խառնի ձերը»: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի սկզբում հույս հայտնեց, որ «Ալյոտիգ» ընկերությունը Տիտանիկի պատմությունը չի դառնա. «Իսկ այն, որ հարակից զեկուցող Գարեգին Նուշիկյանն ասում է, որ պետք է վստահել այդ ընկերությանը, քանի որ լուրջ մարդիկ են ներդրողները, ուզում եմ ասել, որ մեր խնդիրը միշտ եղել է այն, որ մշտապես առաջնորդվում ենք` «կարծում ենք», «ենթադրում ենք» մոտեցումներով ու ունեցել ենք հակառակ էֆեկտը, կանգնել ենք կոտրած տաշտակի առջեւ»: Ըստ նրա` լավ կլինի, որ վտանգավոր թափոններից ազատվենք, սակայն ուզում ենք, որ մեզ հստակ ներկայացվի` ովքեր են այս կազմակերպության ներկայացուցիչները, հիմա ներկայացվի մաստեր պլանը հիմա ներկայացվեր. «Ոչ թե մեկ տարի հետո ասեն` ցտեսություն ձեզ, հաջողություն, մենք գնացինք, չհաջողվեց»: