Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք դեռ երկար ենք լինելու իշխանության». Շարմազանով

Քաղաքականություն
2717179e7344479cfbc9719c11bab50a

«Վեց տարում 600.000 մարդ արտագաղթել է։ Գործազրկությունն ավելացել է։ Ռուսաստանը 34.000 հայերի վրա արգելք դրեց և այդ պատճառով էլ ավելացավ գործազուրկների թիվը»,- 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանը նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Թեև շեշտեց, որ նախորդ տարվա տնտեսական աճը 3,4 տոկոս է եղել՝ 5.2-ի փոխարեն, սակայն ըստ ՀՀԿ-ականի՝ ներկայիս կառավարությունն արել է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի բյուջեն լինի իմաստավորված։ «Այսօրվա կառավարության ծրագիրը միտված է ապագային։ Եվ այն խնդիրները, որ դրված են մեր առջև, կարող ենք հաղթահարել։ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու 2014 թվականի բյուջեին»,-ընդգծեց պարոն Բաղդասարյանը։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ մատնանշեց նախորդ տարվա անբարենպաստ իրողությունները. փոխարժեքի արժեզրկում, տրասնֆերտների նվազում։ «Սրանք չէին կարող չազդել բյուջեի վրա»,-ասաց նա։ Նախարարը տեղեկացրեց, որ տարեվերջին միասնական հարկային օրենսգիրք կունենանք, որը կայուն ու կանխատեսելի միջավայր կստեղծի բիզնես դաշտում՝ երկար տարիների համար։ «Խոշոր արտահանողներին նախորդ տարի 4 մլրդ դրամից ավելի ԱԱՀ է վերադարձվել։ 12 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքեր են եղել՝ ստուգումների արդյունքում։ Ունենք լուրջ անելիքներ՝ բացասական միտումները կանխելու ուղղությամբ»,-նշեց պարոն Խաչատրյանը։ Թեև բոլոր գերատեսչությունների ջանքերով հաջողվեց նախորդ տարի ստեղծված վիճակը փրկել, սակայն նախարարի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը բավականին մեծ կախվածություն ունի արտաքին ազդակներից։ Պաշտոնյան առաջարկում է ջանքեր գործադրել՝ այն դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ այլ հարցի։ Նա խոսքն ուղղեց այն պատգամավորներին, ովքեր, ըստ նրա՝ սխալ մտքեր են արտահայտում ԼՂՀ հարցի շուրջ։ «Քանի մենք ենք իշխանության, իսկ մենք դեռ երկար ենք լինելու իշխանության, Լեռնային Ղարաբաղում վիճակը կայուն է լինելու։ Նենց որ մահախոսականները պահեք ձեզ»,-շեշտեց պարոն Շարմազանովը։