Նաիրիտցիները չեն դադարեցնի ակցիաները աշխատավարձերի վճարումից հետո
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցներին, ովքեր առավոտվանից բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի մոտ: Նաիրիտցիների հետ հանդիպմանը վարչապետը հավաստիացրել է, որ մինչև հուլիսի 15-ը նրանց աշխատավարձերը վճարվելու են ամբողջությամբ: «Վարչապետը մեզ հավաստիացրեց, որ մինչև հուլիսի 15-ը կհայթայթվեն անհրաժեշտ գումարները և կվճարվեն մեր աշխատավարձերը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց գործարանի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը: Ըստ նրա` հաջորդ շաբաթ նաիրիտցիների գործողությունները համակարգող խումբը հավաք կհրավիրի, որտեղ իրենք որոշում կկայացնեն հետագա գործողությունների վերաբերյալ: «Այս պահին մեր կողմից առաջադրված պահանջը կարծես թե կատարվում է, սակայն մենք չենք դադարեցնի մեր բողոքի ակցիաները աշխատավարձերի վճարումից հետո: Մենք պահանջելու ենք, որ Նաիրիտ գործարանը վերագործարկվի»,- նշեց Հարությունյանը: Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի դիմաց հերթական ակցիան անցկացնող նաիրիտցիներին էր մոտեցել Էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և հայտնել, որ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցով քննարկում է եղել Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս, ըստ նախարարի, հանձնարարել է մինչեւ հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիների չվճարված աշխատավարձերը` շուրջ 15 մլն դոլար։