Բանտարկյալները հերթով են պառկում քնելու (տեսանյութ)
Այսօր Երևանում մեկնարկեց «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը։ Նպատակն է ամրապնդել մարդու իրավունքները՝ բարելավելով բուժծառայության, այդ թվում՝ հոգեկան առողջությանն առնչվող խնամքի տրամադրումը բանտերում։ Նախատեսվում է այս ծրագրի շրջանակում բարելավել հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, վերապատրաստել դրանց անձնակազմը, նաև՝ օժանդակել կառավարությանը՝ քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից և տևելու է մինչև 2017 թվականի փետրվարը։ «Այսօր ամենամեծ խնդիրներից մեկը բանտարկյալներին տրամադրվող բուժսպասարկումն է։ Եթե ազատ պայմաններում անձը կարող է ընտրել իրեն սպասարկող բժշկին և հիվանդանոցը, ապա բանտերում նման ընտրության հնարավորություն չկա։ Խնդիրը հիմնականում իրավական դաշտին է առնչվում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը: Մեկ այլ խնդիր էլ շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը։ «Նուբարաշենում օրինակ շատ խիտ է բնակեցված։ Ամեն բանտարկյալ պետք է առնվազն 4 քմ տարածք ունենա, այնինչ դա հիմնականում չի պահպանվում»,-նշում է պարոն Սարգսյանը։ Իր ղեկավարած խումբը հաճախ ականատես է լինում, որ 9 հոգու համար նախատեսված բանտախցում 15 հոգի է բնակվում։ Սրանից էլ գալիս է խնդիրը, որ բանտարկյալները հերթով են պառկում քնելու։ «Սա առաջ է բերում նաև հոգեբանական խնդիրներ»,-շեշտում է մասնագետը։