Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՉՓՐԿԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Սպորտ

Ինչպես արդեն հաղորդվել էր, կարատեի աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնության ժամանակ ադրբեջանցի մարզիկները հարձակվել էին հայ կարատեիստների վրա: Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց այս միջադեպի մանրամասները` նշելով, որ հայ մարզիների վրա այն լուրջ ազդեցություն ունեցավ, եւ մեդալներ ունեցանք:

Իսկ Ադրբեջանի կողմից կազմակերպված այս հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին Լիմասոլում՝ բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Հայաստանը այբբենական կարգով իր 5 մարզիներով առաջինը պետք է դուրս գար արարողությանը մասնակցելու համար, իսկ ադրբեջանցիները՝ 15-20 հոգի, եղել են մոտ 10 մետր հեռավորության վրա:

«Նրանք հանկարծակի հարձակվեցին եւ սկսեցին ռուսերեն եւ ադրբեջաներեն հայհոյանքներ տալ: Մեր տղաները սկզբում պաշտպանվում էին: Երբ տեսան, թե ադբբեջանցիներն ինչպես ապտակեցին եւ մի կողմ նետեցին 11-12 տարեկան կիպրոսցի պատանուն, որը ձեռքում պահում էր «Հայաստան» ցուցանակը, մերոնք էլ սկսեցին համապատասխամ քայլեր ձեռնարկել: Այս ամենը տեղի էր ունենում 57 երկրների պատվիրակությունների եւ բազմաթիվ հանդիասականների աչքի առաջ»,- ասաց Գրիգոր Միքայելյանը:

Ֆեդերացիայի նախագահի կարծիքով` սա նախապես կազմակերպված խուլիգանական արարք էր. «Այս ամենը մեծապես զայրացրեց Կիպրոսում ապրող հայերին եւ տեղացիներին: Եւ հաջորդ օրը կայացած Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի քննարկմանը ես նրանց ասացի, որ եթե խիստ պատժամիջոցներ չկիրառեն, ապա մենք չենք երաշխավորում անվտանգություն»:

Այնուամենայնիվ Ադրբեջանը մասնակցել է այդ առաջնությանը, սակայն կարգապահական կոմիտեն որոշել է մեկ տարով որակազրկել Ադրբեջանին Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր միջոցառումներից:

Ադրբեջանական կողմը այդպես էլ չի նշել, թե ինչու է կազմակերպել այդ ծեծկռտուքը. «Նրանց ֆեդերացիայի նախագահը եւ պատվիրակության անդամները բոլորի ներկայությամբ ներողություն խնդրեցին: Բացի այդ, երեկոյան եկան հյուրանոց, եւս մեկ անգամ ներողություն խնդրեցին, եւ նրանց ֆեդերացիայի նախագահն ասաց, որ այս մասին կզեկուցի երկրի սպորտի ղեկավարներին եւ հանրապետության նախագահին»:

Ադրբեջանի կարատեի ֆեդերացիայի նախագահը ասել է նաեւ, որ այս ծեծկռտուքի կազմակերպիչներն են եղել իրենց կազմում ընդգրկված 2-3 սումգայիթցի կարատեիստներ: