Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրավական բառակույտով ու Կաշպիրովսկու մատի ժեստով պետք չէ ինչ-որ բաներ ասել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-pashinyan

ԱԺ-ում այսօր Գլխավոր դատախազության տարեկան հաշվետվության ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեռեւս 2013թ. հոկտեմբերի մեկին Գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության քննարկման ժամանակ ինքը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք վերահաստատում է. «Դուք, այն ժամանակ լինելով զինդատախազ, Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած արյունահեղ դեպքի հետ կապված այդպես էլ կոնկրետ պատասխաններ չտվեցիք, իսկ իմ ներկայացրած փաստերին որեւէ կերպ չարձագանքեցիք՝ ասելով, որ հրապարակային քննարկում պետք է լինի: Ես ձեզ առաջարկեցի այն անցկացնել ուղիղ եթերում, սակայն ասացիք, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային ինչ-որ կետով՝  հնարավոր չէ երեք հոգով մի սենյակում փակված ինչ-որ քննարկում: Իմ բերած փաստերը հերքող որեւէ բան չեք ասել: Ես պաշտոնապես ասում եմ, որ պնդում եմ իմ ելույթի բոլոր դրույթները՝ առանց բացառության: Եթե ունեք իմ ասածները հերքող փաստեր, ներկայացրեք, եթե չունեք, ապա պետք է հրաժարական տաք: Սա նախկին մեր բանավեճը հանգուցալուծող քմահաճույք չէ, դուք պատասխանատվություն եք կրում Սյունիքում տեղի ունեցող իրավիճակի համար՝ ներառյալ Սդըղի գյոլում տեղի ունեցածի ու երեկ տեղի ունեցած կրակոցների համար: Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն»: Գլխավոր դատախազը հայտարարեց, որ հիմա էլ է հայտնում հրապարկային քննարկման պատրաստակամություն. «Սակայն դա չի նշանակում, որ ձեր կողմից նշված պայմաններում ու ասած վայրում դա պետք է լինի: Ես նախորդ անգամ առաջարկել էի նույնիսկ ԶԼՄ-ների մասնակցությամբ քննարկում: Հրապարակայնությունը եւս իրավական կատեգորիա է: Մեր ցանկացած դիրքորոշում հիմնավորում ենք իրավական տեսանկյունից: Մասնագիտական առումով պատրաստ եմ քննարկման: Իմ ամեն մի բառը, իմ արտահայտած ամեն մի խոսքը իրավական տեսանկյունից կարող եմ հիմնավորել: Հիմա էլ վերահաստատում եմ, որ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածի գործով չկա մի փաստ, հանգամանք, որ ես անձնական պատասխանատվություն չկրեմ: Եւ այն ժամանակ, եւ միշտ, ամեն մի կայացրած որոշմանս համար կրում եմ պատասխանատվություն: Այդ որոշումները ներկայացվել են դատարանում, հիմա դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է, ու ես համոզված եմ՝ ձեր կողմից ներկայացված փաստերի վերաբերյալ դատախազության հիմնավորումները կարող եք գտնել դատական նիստի արձանագրությանը ծանոթանալով: Կոծկելու ու շեղելու իմաստով, համոզված եմ, որ մասնագիտական գործողություն իրականացնելիս դուք ավելի զգույշ ու հետեւողական կլինեք ձեր հայտարարությունների մեջ: Եթե ես զգամ, որ դատախազի միջամտության կարիքը կա, կմիջամտեմ»: Նիկոլ Փաշինյանին զայրացրին դատախազի խոսքերը. «Ասում եք՝ պատասխանատվություն եք կրում, սակայն ձեր իրավական բառակույտով ու Կաշպիրովսկու մատի ժեստերով պետք չէ ինչ-որ բաներ ասել: Եղել է, որ դիմել են դատարան՝ ստանալու Սուրիկ Խաչատրյանի գաղտնալսումները, սակայն ասել են, թե ԱԱԾ-ն չի գաղտնալսել, քանի որ տեխնիկական հնարավորություններ չի ունեցել»: Դատախազը եւս վրդովվեց. «Ես հարգանքով եմ վերաբերվում ձեզ ու ձեր կարծիքին, անկախ նրանից այն հիմնավորված է, թե ոչ, եւ առնվազն նույն կերպ ձեզնից եմ հարգանք պահանջում: Իրավագիտությունը բառակույտ չէ՝ անկախ նրանից, դուք դա հասկանում եք, թե ոչ: Գաղտնալսումների կարիք չի եղել, այո, ԱԱԾ-ն տեխնիկական հնարավորություններ չի ունեցել: Ես չգիտեմ՝ ինչու չի ունեցել: Կարծում եմ՝ դրա համար կան պատշաճ հիմնավորումներ»: