ՀԱԿ-ը երկընտրանքի առաջ է
ԱԺ-ն այսօր քննարկեց «Հանրաքվեի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները: Հիմնական զեկուցող, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվել է 2012թ. եւ «Հանրաքվեի մասին« օրենքը պետք է համապատասխանեցվի դրան: Նախագծով առաջարկվում է, որ հանրաքվեի մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի 50 օր առաջ, նախկինում 40 օր առաջ էր, հանրաքվեի քվեաթերթիկը բաց է, առաջարկվում է, որ այն ծրարում դրվի, հանձնաժողովները կազմավորվեն համապետական ընտրությունների սկզբունքով, իսկ դրանց լիազորությունները լինեն համամասնական ընտրությունների սկզբունքին համապատասխան, մեծանա դիտորդական առաքելության դերը եւ այլն: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով` նախագիծը թերություն ունի. «Թերություններից մեկը քարոզչության հարցում հավասար պայմանների ստեղծելն է: Հանրային հեռուստաընկերությունով ինչպե՞ս պետք է դա արվի: Օրինակ՝ համապետական ընտրությունների ժամանակ շատ թե քիչ կա այդ հավասարությունը: Հանրաքվեի դեպքում միգուցե պայմաններ ստեղծվեին հեռուստաընկերությամբ հավասար ժամանակով կարողանային խոսել հանրաքվեի «կողմ» եւ «դեմ» կողմնակիցները»: Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարեւորում են նոր օրենսգիրքն ու կարգավորումները. «Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված հավասար պայմանների ստեղծմանը հեռուստատեսությամբ, ապա մենք չենք կարողացել գտնել համապատասխան ձեւակերպում, որ ֆիքսեինք այդ հավասարությունը: Խնդիրն այն է, որ հանրաքվեի ժամանակ թեկնածուներ չունենք, կան միայն տեսակետներ արտահայտողներ: Լավ կլինի, որ հետագայում քննարկենք դա»: Լեւոն Զուրաբյանն իր կողմից նշեց, որ կներկայացնեն առաջարկներ: Նա նաեւ ընդգծեց, որ իր նշած դիտարկումների բացակայության պարագայում այս նախագիծը իշխանություններին հնարավորություն է տալիս «քաղաքական բազարի» հարց դառնալ: Մասնավորապես նա նշեց, որ իրենք դեմ են Սահմանադրական բարեփոխումներին, սակայն կողմ են համամասնական ընտրակարգի անցմանը; Այս պարագայում, ըստ նրա, խնդիր է առաջանում, քանի որ համամասնական ընտրակարգի անցման հարցն առաջարկվում է քննարկել ոչ թե առանձին, այլ Սահմանական բարեփոխումների ենթատեքստում. «Մեզ համար այս պարագայում խնդիր է առաջանում եւ այդպիսով` նախագիծը դառնում է թերի»: Արծվիկ Մինասյանը դիտարկումը դուր չեկավ. «Ամեն քաղաքական ուժ նախ իրեն պիտի գնահատական տա, ապա մյուսներին: Մենք միշտ հակասության մեջ ենք եղել եւ ձեր, եւ ձեր նախորդող ուժի հետ՝ երկրի կառավարման մոդելի հարցում»: Այնուհետեւ նա սահմանադրական բարեփոխման դրական փոփոխության մեկ օրինակ բերեց. «ԿԸՀ-ն այսօր սահմանական կարգավիճակ չունի, մենք ումի՞ց ենք արդար ընտրություն պահանջում: Միակ երաշխավորը երկրի նախագահն է»: Լեւոն Զուրաբյանի հաջորդ հարցն ուղղված էր հարակից զեկուցող, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին: Պարոն Զուրաբյանը մասնավորապես նշեց, որ ԱԺ հինգ խմբակցությունն ունեն ընդհանուր մոտեցումներ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ. «Արդյոք պատրա՞ստ եք գնալ զիջումների, ինչպես մենք ենք առաջարկում՝ անցումը բացառապես համամասնական ընտրակարգի, արդեն ստորագրված ընտրացուցակների հրապարակում, ընտրողների ռեգիստրի մաքրում ոչ ռեզիդենտներից, տեսանկարահանող սարքերի տեղադրում»: Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ ինքը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ զեկուցող չէ. «Թույլ տվեք ձեր հարցերին չպատասխանել: Ինչ վերաբերում է հինգ խմբակցության մոտեցումներին, ապա յուրաքանչյուր ընտրությունից առնվազն մեկ տարի առաջ մենք վերանայում ենք Ընտրական օրենսգիրքը»: