Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքով արգելված քարոզչություն, լցոնման փորձ՝ հանրաքվեի ընթացքում (տեսանյութ)

Քաղաքականություն
d0dd1d7b26753178a38b1ac9765d4ddb

Մայիսի 17-ին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 22 համայնքներում անցկացվեց տեղական հանրաքվե համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ։ «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ ղեկավար Վահրամ Վարդանյանը նշեց, որ դիտորդական առաքելություն են իրականացրել 3 ընտրատեղամասում՝ Դիլիջանի Մշակույթի պալատում, Թեղուտում, ինչպես նաև Հաղարծինի համայնքային կենտրոնում։ «Մենք մեր վերլուծական դիտորդական առաքելությունը սկսել էինք հանրաքվեի նախապատրաստական և քարոզարշավի ընթացքը վերահսկելու գործողությունների ժամանակվանից, և պետք է ասեմ, որ այդ ընթացքում գոյություն ունեին էական բացթողումներ՝ ինչպես տեղական հանրաքվեի մասին օրենքում, այնպես էլ ՀՀ ընտրական օրենսգրքում՝ հատկապես նույնականացման քարտերի կիրառման հետ կապված։ Թեև օրենքը դա չի արգելում, սակայն դա կրկնաքվեարկման ռիսկեր էր իր մեջ պարունակում»,- նշեց Վահրամ Վարդանյանը։ Վերջինս սրանից զատ անդրադարձավ նաև այլ խախտումների և թերությունների, որոնք արձանագրել է իրենց դիտորդական խումբը։ Նրա խոսքերով՝ նախարարությունների աշխատակիցները մինչ հանրաքվեի օրը պտտվել են տարբեր համայնքներով և քարոզչություն են իրականացրել, ինչը ՀՀ տեղական հանրաքվեի մասին օրենքով արգելված է։ Ինչպես նաև ԵՄ-ի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նույնպես շրջել են  համայնքներում և բացահայտ կոչ են արել կողմ քվեարկել՝ փոխարենը խոստանալով ինչ-որ ծրագրեր իրականացնել այդ համայնքներում։ «Իսկ բուն քվեարկության օրը նկատվում էր մարդկանց կուտակումներ ոչ թե ընտրատեղամասերում, այլ տարածքից դուրս՝ մուտքերի մոտ , ինչը մտահոգության առիթ է տալիս, որ այդ մարդիկ եկել են ոչ թե կամովի, այլ նրանց բերել են։ Բացի սա, պետական մարմինների՝ ոստիկանության և մարզպետարանի աշխատակիցների ակտիվ ներգրավվածություն էր նկատվում ընտրատեղամասում և այդտեղ իրականացվող գործընթացին, որը դարձյալ ընտրակեղծիքների մտահոգություն է առաջացնում»,-շեշտեց Վահրամ Վարդանյանը։ Բանախոսը նաև նշեց, որ հատկապես Դիլիջանի Մշակույթի պալատի ընտրատեղամասում նկատելի էր տրամադրվածություն՝ լցոնումներ իրականացնելու համար, որը չի իրականացվել զուտ դիտորդի ներկայության պատճառով։ «Մեր դիտորդին տարբեր պատրվակներով փորձել են ուշադրությունը շեղել՝ դուրս հրավիրել, խոսեցնել և այլն, նրան ընտրատեղամասից չեզոքացնելու համար»,-ասաց նա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը հակադարձեց վերը թվարկածներին։ Նա շեշտում է, որ տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում քվեարկության կարգի խախտման վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել, իսկ հանրաքվեն էլ անցել է օրենքով նախատեսված կարգին համահունչ։