ԵԽ-ի առաջ ծառացել է անհանդուրժողականության խնդիրը. Գ. Սահակյան
ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր բացման խոսքում նշեց, որ Հայաստանը Եվրոպական միության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով. «Մեր համատեղ ջանքերի արդյունքը տեսանելի է, եւ զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի սոցիալական զարգացման, պետական կառույցների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարելավման ոլորտում: Հայաստանը ազատ խոսքի եւ ազատ մամուլի երկիր է, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել»: Ըստ նրա՝ մենք ունենք նաեւ կայացած քաղաքացիական հասարակություն. «Կարևոր եմ համարում անդրադառնալ Եվրոպական խորհրդի առաջ ծառացած այնպիսի խնդրի, որն է անհանդուրժողականությունը: Այն ծնում է ռասիզմ, բռնություն, որոնք ի վերջո վերածվում են հակամարտությունների: Հայ ժողովուրդն իր վրա է զգացել, թե ինչ կարող է բերել այլատյացությունը, հենց դրա հետևանքով հայ ժողովուրդը իր վրա զգաց քսաներորդ դարի առաջին Ցեղասպանությունը»: ԱԺ նախագահն իր ելույթում նաև անդրադարձավ հարևան Ադրբեջանի որդեգրած քաղաքականութանը և նկատեց, որ այն լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ այդ քաղաքականությունը սերմանում է բացասական վերաբերմունք Հայաստանի հանդեպ: Իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում կարեւորեց Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները. «Այն նպատակաուղղված է օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների, ազատությունների համար սահմանադրական երաշխիքների հետագա ուժեղացմանը, լիազորությունների պատշաճ հավասարակշռությանը, լավ կառավարման խթանմանը եւ հանրային կառավարման արդյունավետության ընդլայնմանը»: Նա նաեւ նշեց, որ երախտապարտ է ԵԽ Վենետիկի հանձնաժողովին՝ այս գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար: