Կան անձեր, ովքեր իրենց անպատժելի են համարում. ՀՀԿ-ական
Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը տգեղ երեւույթ է համարում մայիսի 2-ին «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրանի մասնակցությամբ վիճաբանությունը։ «Սուրիկ Խաչատրյանի տղան կլինի, թե ով ուզում է լինի՝ շատ տգեղ է եւ անընդունելի։ Բայց քանի որ խնդիրը իրավական դաշտում է, ես կդժվարանամ որեւէ պատասխան տալ։ Կլինի դատ-դատաստան, մոտիվները հայտնի կլինեն, նոր կարելի է գնահատական տալ»,- «Ա1+»-ին ասաց ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։ Լեռնիկ Ալեքսանյանը համաձայն չէ, որ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է տիրում. «Բայց կան անձեր, ովքեր իրենց անպատժելի են համարում»։ Անուններ նա նախընտրում է չտալ՝ ընդգծելով, որ այնպես չէ, որ ՀՀԿ անդամներն ու նրանց ընտանիքի անդամները չեն պատժվում. «Հանրապետականությունը այսօր երբեք հիմքեր չի տալիս չպատժվելու»,- ասաց ՀՀԿ պատգամավորը։ Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Արդյունքում եղբայրներ Հարութ եւ Մուշեղ Զաքարյանները ծանր վնասվածնքեր էին ստացել։ Հարութը կորցրել է աչքի տեսողությունը, իսկ Մուշեղը ստացել է քթի միջնապատի եւ քթոսկրի կոտրվածքներ։ Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Զաքարյան եղբայրները գործով որպես տուժող են անցնում, իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, գործով որպես վկա է անցնում։ Մինչդեռ Զաքարյանները պնդում են, որ երկու որդիները ծանր վնասվածքներ են ստացել Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի ընթացքում։ Մինչ օրս, սակայն, նա ցուցմունք չի տվել։ Որոշում է կայացվել նրան հարկադիր բերման ենթարկել։