Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր անձնակազմի դեմ կանգնած էր 1700 հոգանոց ադրբեջանական զինակազմը» (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshot00006

«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը հիշում է Շուշիի ազատագրման ռազմագործողությունը. «Երբ մշակում էինք օպերացիայի մարտավարությունը, մենք ընտրեցինք չորս ուղղություն՝ հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային։ Հակառակորդի համար անսպասելի էր հատկապես այն, որ մենք ընտրեցինք հարավային ուղղությունը։ Գործողության հաջող իրականացման համար սա հատկապես կարևոր հանգամանք էր։ Մեր անձնակազմի դեմ կանգնած էր 1700 հոգանոց ադրբեջանական զինակազմը, որն ուներ ուժեղ սպառազինություն, իսկ ընդհանուր առմամբ՝ 2500 հոգանոց ադրբեջանական զինված ուժ»,- նշում է ազատամարտիկը։ Աստվածատուր Պետրոսյանը ներկայացնում է, թե ինչ իրավիճակ էր Արցախում մինչև բերդաքաղաքի ազատագրումը։ «Ադրբեջանական ուժերը Շուշիից օրական 440 հրետանային արկ էին արձակում Ստեփանակերտի ու շրջակա բնակավայրերի վրա, զոհվում էին խաղաղ բնակիչներ։ Ստեփանակերտում արդեն կար 20 զոհ՝ խաղաղ բնակչության շրջանում, չնայած այն հանգամանքին, որ քաղաքում առկա էր ռուսական զորամաս»։ Ազատամարտիկը համարում է, որ Շուշիի ազատագրումը դժվար է միայն որպես հաղթանակ բնորոշել, այն կարևոր էր հատկապես նրանով, որ բեկվեց ամբողջ պատերազմի ընթացքը։ «Շուշիի ազատագրմանը հաջորդեց Լաչինի միջանցքի բացման գործողությունը, որով ճեղքվեց ԼՂՀ շրջափակումը։ Իրականացվեցին ռազմավարական նշանակության բնակավայրերի ազատագրական գործողություններ»,- նշում է Աստվածատուր Պետրոսյանը։