Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր քաղաքական իրավիճակ է սկսվում երկրում. ԲՀԿ խոսնակ (տեսանյութ)

Քաղաքականություն
vahan-babayan

«Քաղաքական գործիչները ճիշտ չէ, որ խառնվեն իրավական գործերին»,-քաղաքական-տնտեսական գործիչ Գոհար Ենոքյանի ձերբակալության վերաբերյալ ասում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Կարծում է, որ զուտ մարդասիրական տեսանկյունից այդ տարիքի ու առողջական խնդիրներ ունեցող կինը լավ չէ, որ ձերբակալված է: Տիկին Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար իրականացված ստորագրահավաքին ԲՀԿ ներկայացուցիչը չի մասնակցել, ասում է՝տեխնիկապես չի կարողացել: Արդյո՞ք Գոհար Ենոքյանի ձերբակալության հարցում կա քաղաքական ենթատեքստ, պարոն Բաբայանը խուսափեց հստակ պատասխանից. «Չեմ կարող ասել՝ քաղաքական ենթատեքստ կա, թե ոչ: Որպես Հայաստանի երկրորդ քաղաքական ուժ, չեմ կարող, ճիշտ չի լինի, որ որևէ գնահատական տամ, ընթացքը ցույց կտա»։ Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում քննարկված՝ «խոպանչիներին» հարկային դաշտ բերելու հարցին, պարոն Բաբայանը շեշտել է, որ եթե իրենց կուսակցությունը հասկանա, որ նման օրենքի գոյությունը օգուտ է տալու մեր ազգին, կողմ կլինի: Խոսելով կուսակցության գործունեության մասին՝ մամուլի խոսնակը նշել է. «ԲՀԿ-ն որևէ արտառոց իրավիճակում չի, շարունակում է բնականոն կերպով աշխատել»: Իսկ այն, որ ԲՀԿ նախկին մամուլի քարտուղարը նոր կուսակցություն է ստեղծել և արդեն նախկին գործընկեր է, պարոն Բաբայանը նշել է. «Տիգրան Ուրիխանյանը մեր նախկին գործընկերը չի: Նա շարունակում է մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ ընտանիքի անդամը: Իր ստեղծած կուսակցության ծրագրերը չեմ տեսել, չեմ կարող որևէ բան ասել, այլ միայն կարող եմ մաղթել հաջողություն:Եթե իրեն հաջողվի որևէ բան անել մեր երկրի համար, մենք միայն կողջունենք»: «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե որ դեպքում մեր երկրում ընդդիմադիր ուժը կարող է գալ իշխանության ու իր ծրագրերն իրականացնել, պարոն Բաբայանն ասել է. «Իշխանափոխություն կարող է լինել միայն ընտրությունների միջոցով: Վստահ եմ, որ այն ընդդիմությունը կհասնի հաջողության, որը ոչ թե կասի հեռացիր իշխանությանը, այլ կասի՝ եթե ես գամ, կանեմ սա: Պետք են նաև պատրաստված մարդիկ, ովքեր անշահախնդրորեն կպայքարեն մինչև վերջ՝ բնակչության համար»: ԲՀԿ ներկայացուցիչը վստահ է, որ երկրում կան միջոցներ՝ շատ բան փոխելու, բայց ատելությամբ ու թշնամական տրամադրություններով որևէ բան չի հաջողվի: «Կարծում եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է: Պետք չէ հուսահատվել: Նոր քաղաքական իրավիճակ է սկսվում երկրում, ինչն աշնանն ավելի ակնհայտ կլինի»,-եզրափակել է գործիչը: