Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է լուծվի 6 միլիոն 700 հազար հայերի գրանցման հարցը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vUNFeY88fm8

  Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարությունը պահանջում է Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու կատարել 1920թ-ի Սևրի պայմանագրի, ինչպես նաև Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դրույթները։ «Էնտեղ կար, որ 4 վիլայեթներ ստորագրման օրվանից, ոչ թե վավերացման օրվանից, պետք է անցնեին Հայաստանի իշխանությունների տրամադրության տակ, և թուրքերը էնտեղ վարչական ոչ մի իրավունք չպետք է ունենային, բայց ինչ արվեց ՝ մինչև այսօր դա մնացել է օդում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության գերագույն իրավարար ատյանի փոխնախագահ Գառնիկ Մարգարյանը։ Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարությունը հստակ ձևակերպել է պահանջատիրության դրույթները։ Այս նպատակն իրագործելու համար մշակվել է ռազմավարական  քայլերի հաջորդականությունը։ Սփյուռքի մի շարք կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներն ու միջազգային գիտաժողովներն էլ, Գառնիկ Մարգարյանի համոզմամբ՝ այդ գործընթացին նպաստող հանգամանքներից են։ «Պահանջատիրության կարևորագույն հարցը սեղանին դնելուց բացի, միաժամանակ պետք է լուծվի արդեն մեր ունեցած տվյալների համաձայն՝ 6 միլիոն 700 հազար հայերի իրենց հայ լինելու մասին փաստագրությունը։ Թուրքական իշխանությունները այս 6 միլիոն 700 հազարին, որից մի մասին գրանցել են թուրք, մի մասին քուրդ, մի մասին դավանափոխ, բայց նրանք բոլորը գենետիկորեն հայ են, պետք է այս մարդկանց գրանցման հարցը լուծվի»,-ասում է պարոն Մարգարյանը։ Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարությունը ձևավորվել է 2011թ-ի փետրվարին՝ Փարիզում ընդունված հռչակագրի համաձայն։ Ունի կազմավորված մի քանի նախարարություններ, գլխավոր դատախազություն, ինչպես նաև սահմանադիր գերագույն իրավարար ատյան։ Այս ամենը ներկայացվել է սփյուռքի տարբեր կազմակերպություններին, արտասահմանյան տարբեր երկրներում Վտարանդի կառավարությանունը Ցեղասպանության ճանաչման հետ կապված կազմակերպել է մի շարք գիտաժողովներ ու միջոցառումներ։ Այս բոլոր փաստաթղթերը ներկայացվել են նաև հայաստանյան կառավարությանն ու ուժային կառույցներին։ Գառնիկ Մարգարյանի խոսքերով ՝ արձագանքները հայտնի կլինեն առաջիկայում։   Մանրամասները՝ տեսանյութում։