Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համանախագահների գնահատականը նշանակում է ԼՂՀ-ի ճանաչում»

Քաղաքականություն
Diana-nkar

«Ես շատ կարևոր եմ համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականը, որ նրանք ասում են, թե դա Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է՝ իրենց ընտրությունները կազմակերպելու և իր իշխանությունը ձևավորելու։ Այս հայտարարության համաձայն՝ սա նշանակում է ԼՂՀ-ի ճանաչում, քանի որ արդեն իսկ նրանք հայտարարում են, որ այդ իշխանություններն օրինական են՝ ժողովրդի կողմից ընտրված։ Առաջին անգամ ես այդպիսի գնահատական տեսա Մինսկի խմբի կողմից և դա շատ կարևոր փաստ է»,-շեշտում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ «Չեմ կարծում, որ եղել են այնպիսի խախտումներ, որոնք մենք սովոր ենք տեսնել Հայաստանում, իսկ սա խոսում է այն մասին, որ Ղարաբաղի ժողովուրդն անհամեմատ ավելի միասնական է իրենց գաղափարների և նպատակների շուրջ, քան հենց բուն Հայաստանում»,-ասաց նա։ Բանախոսը համոզմունք է հայտնում, որ այս ընտրությունները կարևոր են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համար առհասարակ, քանի որ միջազգային հանրությունը ստիպված է լինելու ՝ ուզած, թե չուզած՝ անընդհատ հաշվի նստել այս փաստի հետ և հենց սրանով էլ այս հիմնահարցն առանձնալալու է նմանատիպ այլ հիմնահարցերից։ «Այս առումով կարծում եմ, որ դա իրոք մեզ համար հաջողություն է և ողջունելի բոլորիս համար»,- նշեց պարոն Սարգսյանը։ Այս համատեքստում քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ հավելեց, որ դրանք սովորական ընտրություններ չէին, այլ Ղարաբաղի ժողովրդի իրավունքն արտահայտվեց՝ իրենց կյանքը կազմակերպելու և կառավարելու առումով։ «Կառավարման այդ ժողովրդավարական ձևն աշխարհը չի կարող պարզապես չընդունել կամ անտեսել, իսկ ԱՄՆ պետդապարտամենտի այն հայտարարությունները, որ այդ ընտրությունները իրենք չեն ճանաչում որպես հիմնահարցի կարգավորման գործընթացի վրա ազդող երևույթ , այսինքն Ղարաբաղի կարգավիճակը չի փոխվում, դա հենց ինքը փոփոխության նշան է՝ Ղարաբաղը ժողովրդավարական ճանաչելու մասին մեծ հայտարարություն, պարզապես կարծում եմ, որ այս միտքը ճիշտ ձևակերպելու և այս գաղափարը խմբագրելու խնդիր կա»,- շեշտեց Ազատ Արշակյանը։ Վերջինիս պնդմամբ՝ սա տարածաշրջանի ամենաժողովրդավար, ազատ և թափանցիկ ընտրություններն էին, որը պետք է ողջուներ նույնիսկ ինքնագոլի հեղինակ երկիր Ադրբեջանը։ «Ադրբեջանը նույնպես պետք է հաջող ընտրությունների համար շնորհավորեր Ղարաբաղի ժողովրդին,եթե Արցախն իրենք ճանաչում են որպես իրենց տարածքների անբաժանելի մաս և արցախցիներին համարում են իրենց համաքաղաքացիները, իսկ այդ բոլոր քննադատությունները պարզապես ինքնագոլեր են Ադրբեջանի համար։ Դրանով իրենք ցույց են տալիս, որ Ղարաբաղն իր ժողովրդով և տարածքով ուղղակի չի կարելի հանձնել Ադրբեջանին, որտեղ հայ ժողովրդի համար շատ ավելի վատ կլինի, քան հենց նույն Ադրբեջանում ապրող իրենց իսկ քաղաքացիների համար է, որտեղ նրանք ենթարկվում են բռնությունների ու սահմանափակումների»։