Մուծվիր եւ մոռացիր բանակի մասին (տեսանյութ)
Հայաստանից հեռացած ծնողի որդին, որը խուսափել է հայկական բանակում ծառայելուց, 27 տարին լրանալուց հետո կարող է օրինական գումարով ազատվել պատասխանատվությունից: «Ասենք թե տարան դատապարտեցին էդ մարդուն, ի՞նչ ա տալիս դա մեզ ընդհանրապես»,- հարցնում է ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը։ Նախկին ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի համար քննարկման թեմա չէ այն, որ այսօր քվեարկված Զինապարտության մասին օրենքում արված փոփոխությունները հակասահմանադրական են՝ մարդ է, Ռուսաստան է գնացել, ուրիշ բան, որ Հայաստանից չի հեռացել. «Տեղում գտնվողները ոչ մեկն էլ իրավունք չունի ազատվելու»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տագնապում է՝ լավ, եթե նրանց օրինական գումարով պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չենք տալիս, նրանցով բանտերը պետք է լցնենք։ Հանրապետական պատգամավորը համոզված է, որ ծառայությունն անխուսափելի դարձնելով՝ մենք 27 տարին լրացած մեր հայրենակիցների համար փակում ենք Հայաստանի դռները, նրանք այլեւս Հայաստան չեն մտնի. «Նույնիսկ թող բյուջե լցվի, ի՞նչ է պատահել։ Այսինքն, սա այլընտրանքային ձեւ է, որ մարդիկ 27-ը լրանալուց հետո նրանց արգելենք Հայաստան մտնել, որովհետեւ հակառակ դեպքում պետք է նրանց կալանավորենք»։ Պարոն Բաղդասարյանը զարմանում է՝ ի՞նչ է պատահել, ոչ ոք չի բողոքում։ Մարդիկ ծառայության ենթակա են մինչեւ 27 տարին լրանալը, 27-ից հետո ուզենք- չուզենք նրանց պետք է դատապարտենք. «Եթե օրենքն էլ չլինի, որեւէ մեկն էլ կամավոր չի գա։ Եթե իմանանք, որ էս օրենքը պետք է անենք եւ բոլորին Ամերիկայից, Աֆրիկայից Եվրոպայից բերենք եւ գնան իրենց պարտականությունը կատարել, եւ մենք բավականին լուրջ արդյունքներ ստանանք, մենք կարող ենք այդ քայլին գնալ»։ Այս օրենքն Ազգային ժողովն ընդունել է 10 տարի առաջ։ Այսօր նրա գործունեության ժամկետը երկարացվել է եւս երեք տարով։ Ըստ պարոն Բաղդասարյանի, օրենքն ապացուցել է իր հակակոռուպցիոն բնույթը։ Նորմալ երկրներն ունենում են այսպիսի օրենք. «Եթե մարդը չի ցանկանում զինվորական պարտականությունը կատարել, համապատասխան գումարը մուծում է պետությանը, եւ նրանք նորից այդ գումարն ուղղում են պաշտպանությանը եւ այդ մարդը չի ծառայում պարզապես»։ Հայաստանում ծառայելը պարտադիր է մինչեւ 27 տարեկանը, այստեղ գումարով, ըստ պարոն Բաղդասարյանի, ծառայությունից ազատվել չկա։ Օրենքը, նա հիշեցնում է, վերաբերում է միայն 27 տարին լրացածներին, որոնք օրենքի բացակայության դեպքում կընկնեին քրեական պատասխանատվության տակ. «Այս օրենքը հակասահմանադրական... Պետք չի այդպիսի կոպիտ բառեր արտահայտել»։