Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիան ստեղծեց Ադրբեջանը, որպեսզի ցեղասպանությունը շարունակի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
larisa

«Վերջապես մեր իշխանությունները մի բան կատարեցին բարձր մակարդակով»,-ցեղասպանության հիշատակի միջոցառումներին անդրադառնալով՝ նման կարծիք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Վերջինիս զարմացրել ու ուրախացրել է մեր երկրում բազմաթիվ ցեղասպանագետների ներկայությունը։ Բայց տիկին Ալավերդյանը կարծում է, որ մենք ինքներս ունենք բարձրակարգ մասնագետների, մասնավորապես՝ պատմաբանների, իրավաբանների ու քաղաքագետների կարիք։ Այն, որ հայկական կողմը՝ Հռոմի պապի նման, արտահայտում է այն միտքը, թե Հայոց ցեղասպանության չճանաչումը բերել է նոր ցեղասպանությունների, ինչպիսին էին Ռուանդայում ու Կամբոջայում կատարվածները, բայց չի նշում Ադրբեջանի անունը, փորձագետին զայրացնում է։ «Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից, որպեսզի ցեղասպանությունը շարունակվի այն տարածքներում, որոնք Թուրքիայի տիրապետության տակ չեն»,-շեշտել է տիկին Ալավերդյանը։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահը ողջունում է Գերմանիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քայլը, իսկ ցեղասպան Թուրքիայի պարագայում լավատես չէ։ «Թուրքիայի քաղաքական էլիտան չի ուզում անգամ բարոյական կողմից ճանաչել ցեղասպանությունը»,-նշել է նա։ Տիկին Ալավերդյանն առաջիկա տասը, քսան տարում չի ակնկալում այդ երկրի կողմից ցեղասպանության ճանաչում։ «Քանի դեռ Թուրքիան չի ապաշրջափակել Հայաստանը, ենթադրում է, որ ցեղասպանությունը շարունակվում է,և չեմ կարծում, որ կարող է ճանաչել ու փոխհատուցել»,-շեշտել է փորձագետը։ Իսկ ապաշրջափակումն, ըստ նրա՝ կնշանակի, որ այդ երկիրը դադարեցրել է ցեղասպանությունը։ Իսկ այն, որ այս ապրիլի 24-ին էլ ԱՄՆ նախագահը չարտաբերեց ցեղասպանություն բառը, տիկին Ալավերդյանի համոզմամբ՝ խոսում է այն մասին, որ Օբաման կախյալ վիճակում է։ «Նրա պահվածքը ցույց չի տալիս, որ ԱՄՆ-ն գերտերություն է։ Նախագահի այդ կեցվածքը ենթադրում է կախյալ վիճակ ոչ միայն Թուրքիայից, այլև աշխարհաքաղաքական տարբեր կոնցեպցիաներից»,-եզրափակել է նա։