Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը՝ որպես համաշխարհային ակտ. Ֆրանսուա Օլանդ (տեսանյութ)

Քաղաքականություն
oland11

Ծիծեռնակաբերդում այսօր Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն իր ելույթում հայտարարեց, որ իրենք այսօր այստեղ եկել են համեստաբար, սակայն վճռականորեն իրենց զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին. «Այսօր պատմական փաստերը շահարկվում են մանրախնդիր շահերի համար, իրավական ակտերը երկակի ստանդարտներով են կիրառվում ու անհեթեթության են վերածվում՝ Ցեղասպանոթյան զոհերը դիտարկվում են որպես ոճրագործներ: Մենք ինչպես կարող ենք չլինել այսօր այստեղ, երբ մենք եւս զանգվածային կորուստներ ենք կրել տարբեր ժամանակներում, ինչպես կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակը, ինչպես չճանաչենք ճշմարտությունը ու չսովորենք մարդկության դասերը: Մեզ համար չգալու տարբերակ չկար»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ելույթում հիշեցրեց. «Հայոց ցեղասպանությունը սկսվեց 1915թ. մտավորականության ոչնչացմամբ: Ֆրանսիան ընդունեց մազապուրծ եղած հայության այն հատվածին, որը եկավ Ֆրանսիա ընդամենը մեկ ճամպրուկով: Հայերի մասնակցությունը մեր երկրի կառուցման գործում անգնահատելի է. նրանք իրենց տաղանդով զարգացրին մեր երկիրը: Ես չեմ կարող չնշել մեր ընդհանուր հպարտության՝ Շարլ Ազնավուրի մասին»: Նա նշեց, որ մենք այլեւս չպետք է վերադառնանք պատմության սխալներին. «Ֆրանսիան դեմ է, որ այսօր մոռացվում է ճշմարտությունն ու դրա ապացույցերը: Մենք խտրականություն չենք դնում երկրների միջեւ: Դրա համար ես թույլատրել եմ բացել Ռուանդայի մասին արխիվները, որպեսզի յուրաքանչյուր ոտնձգություն մարդկության դեմ ուղղված` դատապարտվի: Ճանաչել Ցեղասպանությունը, չի նշանակում գործընթաց սկսել, այլ նշանակում է՝ հիշել անմեղ զոհերին, որ այլեւս նման ողբեգությունները չկրկնվեն: Ես ուզում եմ, որ հայ-թուրքական սահմանները բացվեն, որ երկու ժողովուրդները կարողանան միմյանց մոտենալ: Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը՝ որպես համաշխարհային ակտ»: Ֆրանսիայի նախագահը չշրջանցեց նաեւ ԼՂ հակամարտության հիմնահարցը. «Մենք մեր գործընկերների հետ միասին պետք է ամեն ինչ անենք հարցի խաղաղ լուծման համար: Խաղաղությունը մեր կարգախոսն է»: