ԵԽ բանաձեւն աննախադեպ չէ, բայց դրական ազդեցություն կունենա (տեսանյութ)
Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը մեկ օր առաջ Եվրախորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանությունը դատապարտող բանաձեւն այնքան էլ աննախադեպ չի համարում. «Չեմ անվանի աննախադեպ, քանի որ դեռեւս 1987-ից սկսած համընդհանուր գործընթացի մասն էր, որտեղ առավել դետալացված քննարկվեցին եւ հայոց ցեղասպանության որակման, եւ պատժելիության հարցերը եւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ հայ-թուրքական հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելու ու միջպետական, քաղաքացիական հասարակությունների շփման առումով»: Փորձագետը նշում է, որ այս բանաձեւում առավել շատ է ընդգծվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: Նրա խոսքով, 1987-ին ընդունված նմանատիպ փաստաթուղթը վերաբերում էր ցեղասպանության արդյունքում սփյուռքում հայտնված զոհերի իրավահաջորդների իրավունքներին, փոքրամասնությունների իրավունքներին, իսկ այս մեկն ավելի համամարդկային է: Թե ինչպես կարող է այս բանաձեւն ազդել քաղաքական զարգացումների վրա, ըստ Վլադիմիր Վարդանյանի. «Լուրջ իրավական ազդեցություն կարող է չթողնել հետագա զարգացումների վրա, բայց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացի համար դրական ազդեցություն կունենա»։ «Ա1+»- ի հարցին, թե ինչ կարող է Հայաստանին տալ Թուրքիայի արխիվների բացումը, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Սա միտված է նրան, որ ցեղասպանության հարցը գնա քաղաքական ու պատմական դաշտ ու հետաձգվի: Եթե ասում է բացենք արխիվները, դիսկուսիայի մեջ է գցում։ Նա ասում է՝ թող պատմաբաններն աշխատեն, սրանով պետք է զբաղվեն մի շարք մասնագիտությունների տեր մարդիկ, որպեսզի մենք հասնենք օբյեկտիվ հարցի լուծմանը։ Դա նման է նրան, որ ասի տնտեսագիտությամբ թող զբաղվեն բանասերները»։ Անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի՝ Սիսի նստավայրը Թուրքիայից հետ պահանջելու գործընթացին` նա ասաց, որ սա առանձին իրավական գործընթաց պահանջող երևույթ է. «Շատ կարևոր է, որ պահանջը կաթողիկոսը կրկնեց նաև Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում՝ Պապի մատուցած պատարագի ժամանակ: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի բիրտ կեցվածքը՝ դժվար է ասել՝ ինչ կերպ այս հարցը կհանգուցալուծվի»; Ավելին՝ տեսանյութով