Ցանցային պատրաստվածությամբ Հայաստանը 7 տեղով բարելավել է իր դիրքը
Համաշխարհային Տնտեսական Ֆորումի կողմից հրապարակված «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2015»-ում գնահատվել է աշխարհի 143 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը։ Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը: Սինգապուրը, Ֆինլանդիան և Շվեդիան զբաղեցնում են առաջատար դիրքեր՝ ցանցային պատրաստության վարկանիշով։ Հնգյակում հայտնվել են նաև Նիդերլանդները և Նորվեգիան։ 143 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։ Նախորդ տարի հրապարակված զեկույցի համեմատ՝ առկա է բարելավում 7 տեղով։ Ցանցային պատրաստության ցուցչի աճով 2012-2015 թվականների ընթացքում Հայաստանն արձանագրել է բարելավում 36 կետով, ինչն այդ ժամանակահատվածի համար զարգացման լավագույն ցուցանիշն է աշխարհում։ ԱՊՀ տարածքում դրական զարգացում արձանագրված չէ միայն Ղազախստանում և Ադրբեջանում, Ղրղզստանը ամենամեծ բարելավում գրանցած երկիրն է՝ +20 կետ։ Անդրադառնալով Հայաստանում գրանցված դրական և բացասական միտումներին՝ դիրքերը բարելավվել են պետական օգտագործման հենասյունով, հատկապես պետության՝ էլ. մասնակցության ցուցչով, որը նախորդ տարիներին ամենաէական թերությունների շարքին էր դասվում: Ուշագրավ առավելություններից է նաև կառավարության էլեկտրոնային ծառայությունների, հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետի սակագների ենթացուցիչները (համապատասխանաբար + 66, +112, +17)։Ձեռնարկությունների գրանցման հետ կապված գործընթացների դյուրինությունները ևս համարվում են Հայաստանի առավելություններից։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի դատաիրավական համակարգը շարունակում է մնալ խնդրահարույց ոլորտներից։