Պարի ոգին ֆիզկուլտուրայի ուսուցի՞չը պետք է փոխանցի. Բանավեճ պարը դպրոց մտցնելու շուրջ (տեսանյութ)
Ապրիլի 26-ին 100 պարային խմբեր՝ 5000 պարողներով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում 3 րոպեանոց սգո պար են ներկայացնելու՝ ի հիշատակ անմեղ նահատակների։ Նախաձեռնողը Պարարվեստի միությունն է։ «Սա խոշոր իրադարձություն է լինելու։ Պարելու ենք «Ծանր գողնդ» կոչվող պարը»,-տեղեկացրել է պարուսույց, արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը։ Բացի այս, նա՝ ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պարուսույց Կարեն Գևորգյանի հետ իրենց մտահոգությունն են հայտնել վերջին օրերին բուռն քննարկվող՝ պարը դպրոց մտցնելու թեման։ «Նման մասնագիտական բազա Հայաստանում գոյություն չունի, որ դպրոցներում աշակերտներին պար դասավանդի»,-շեշտել է Կարեն Գևորգյանը։ Իսկ ծրագիրն արդեն իսկ կազմված է և հանձնաժողովի կողմից հաստատված, որում ընդգրկված է «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Ի դեպ, հանձնաժողովում իրենք ներգրավված չեն եղել։ «Մենք միայն լրատվամիջոցներից իմացանք, որ նման հանձնաժողով է ձևավորվել։ Իսկ 2014 թվականին, երբ քննարկվում էր դպրոցներում երգ-երաժշտություն մտցնելու, նաև՝ պարի հարցը, ես վարչապետին ու ԿԳ նախարարին ասացի, որ պետք է հանձնաժողով ստեղծվի, ծրագիր կազմվի։ Պարոն Աշոտյանն ասաց. ժամանակը կգա, կկանչենք։ Հիմա ժամանակը եկավ, անցավ ու մենք ԶԼՄ-ներից իմացանք, որ նման բան կա»,-ընդգծել է նա։ «Որ նշում են, թե պարի ոգին պետք է փոխանցեն։ Էդ ոգին ֆիզկուլտուրայի ուսուցի՞չը պետք է փոխանցի, թե՞ գրադարանավարը կամ աշխարհագրության ուսուցիչը։ Պարը պետք է մասնագետը դասավանդի, ոչ թե մի քանի շաբաթ սովորելով՝ գնան ու սովորեցնեն աշակերտներին։ Ես էլ լավ շախմատ եմ խաղում, բա ինչո՞ւ դպրոցներում շախմատի դասաժամ մտցնելու ժամանակ ինձ չկանչեցին։ Պետք է ամեն մասնագետ իր գործով զբաղվի»,-նշել է մասնագետը։ Իսկ Գագիկ Կարապետյանն իր հերթին շեշտել է, որ այս իրավիճակը զավեշտի է նման։ «Ոչ թե Գագիկ Գինոսյանի ու մեր միջև է վեճը, այլ այս դրվածքի։ Ասում են՝ հիմիկվա պարողների թաթերը ձգված են, մենք պետք է այնպես պարենք, ինչպես մեր պապերը։ Մեր պապերը ռանչպար մարդիկ են եղել, հոգնած եկել են տուն, ինչպե՞ս թե պետք է իրենց պես պարել»,-զարմանում է պարուսույցը։ Նա ընդգծել է, որ պարոն Գինոսյանի անցած ուղին հարգանքի է արժանի, բայց պարային խումբ ունենալը մի բան է, ծրագիր գրելն ու այն դպրոց մտցնելը մեկ այլ բան։