Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրվա կեսը բարոյական եք, մյուս մասը՝ ոնց հարմար է» (տեսանյութ)

Տնտեսություն
vardan-ayvazyan

Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության վերաբերյալ ԱԺ-ում եզրափակիչ ելույթով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա շատ վրդովված էր արդեն հնչած ելույթներից եւ դիմելով ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին՝ հիշեցրեց երեկվա նրա ելույթի այն հատվածը, երբ խոսում էր մեղրի ու այն ձեռքով ուտելու մասին. «Պարոն Մարգարյան, դուք ճիշտ եք, այս ամբիոնը իսկապես շատերի համար մեղրի բոչկա ոնց որ լինի, մեղրն էլ օրուչով են կուլ տալիս»: Ըստ նրա՝ եղած 22 ելույթից, բացի ՀՀԿ-ից, մյուսները հաշվետվության փաստերը բերում, ներկայացնում են որպես իրենց մարգարեություններ. «Հիմա բարոյական մասից խոսեմ՝ փետրվարի կեսից հանձնաժողովի աշխատանքները դադարեցվեցին, սակայն մենք շարունակեցինք հավաքվել, ու բոլոր նիստերն ամբողջությամբ ձայնագրվում էին ի ուրախություն մի մասի, ի դժբախտություն՝ ոմանց համար: Շաբաթ-կիրակիներով ենք աշխատել: Մենք ստացել ենք արժանահավատ փաստաթուղթ, որ դուք երկարաժամկետ աշխատեք: Մեզ ցիտելով կիսատ-պռատ, հարգելի ընդդիմադիրներ, կարողանում եք պատի տակ ընդհանուր եզրակացություններ անել: Բարի եղեք բարոյականության սահմանները պահպանել՝ օրվա կեսը բարոյական եք, մյուս մասը՝ ոնց հարմար է»: Այդ պահին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղից սկսեց դիտողություններ անել ու կարծիք հայտնել: «Զուգահեռ մի խոսա ինձ հետ: Պարոն Սահակյան, անջատի խոսափողը»,- բարկացավ Վարդան Այվազյանը: Վերջում նա ասաց՝ եթե բացթողում կա, ուրեմն Այվազյանի բացթողումն է, ու շնորհակալություն հայտնեց բոլորին քրտնաջան աշխատանքի համար: Վարման կարգով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ձայն խնդրեց: Այդ պահին Վարդան Այվազյանը շտապով լքում էր դահլիճը: «Հետ եկեք: Պարոն Այվազյան, կրքոտ ելույթիդ համար շնորհակալություն ու չարչարանքիդ ապաշխարանք: ԱԺ մյուս գումարման ժամանակ էլ, եթե էդպես քրտնաջան աշխատեք, շատ լավ կլինի: Բոլորից շատ դուք կպաք հանձնաժողովին: Թե ինչու էին այդ դեպքում ձեր նյարդերն այդքան լարված, չեմ հասկանում»: Քանի որ Վարդան Այվազյանն իր ելույթում տվել էր նաեւ Արամ Մանուկյանի անունը, Գալուստ Սահակյանը նրան եւս ձայն իրավունք տվեց: «Ոչ միայն անունս է տվել, այլեւ ամբողջ ելույթի ժամանակ Այվազյանի ձեռքն իմ կողմն էր ուղղված: Չի եղել դեպք, որ ես հանձնաժողովի նիստին մասնակցած չլինեմ: Եղել են գաղտնի ու փակ նիստեր, իսկ թե ինչ հանդիպումներ են էլ եղել, չգիտենք: Ինքը մեզնից շատ լավ գիտի՝ ինչ խախտումներ են եղել ու քանի որ չի կարող անձամբ ասել, շատ էր ուզում, որ մենք բարձրաձայնեինք»,- հայտարարեց Արամ Մանուկյանը: «Չեմ կարծում, որ որեւէ բան գաղտնի մնաց  այս օրերի քննարկումների ընթացքում»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ-ն ավարտեց Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության քննարկումը եւ ընդունեց այն ի գիտություն: