Սրտի ստենտավորումը մեկ միլիոն 100 հազարից կիջնի մինչև 700 հազար դրամի (տեսանյութ)
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցը վերաբերում էր առողջապահության ոլորտին, մասնավորապես սրտի անհետաձգելի վիրահատություներին։ «Բնակչության մեջ ընդհանրապես տարածում է գտել այն գաղափարը, որ այս վիրահատություների ծրագիրը իրականացվում է միայն որոշակի պայմաններում և որոշակի սոցիալական խավերի համար , և միշտ չէ, որ անհետաձգելի դեպքերը իրոք անվճար վիրահատության տեղիք են տալիս ։ Կարիք կա հստակեցնելու, թե ինչ ասել է անհետաձգելի վիրահատություն, և կոնկրետ ովքեր կարող են օգտվել դրանից, և որ դեպքում, երբ շտապօգնությունը տանում է հիվանդանոց, թե հիվանդանոցում հետազոտության արդյունքում է որոշվում նրա վիճակը»,-հարցրեց տիկին Մուրադյանը։ Հարցին պատասխանեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ «Հարցի արդիականությունը կասկած չի հարուցում։ Ընդհանուր սիրտ-անոթային հիվանդությունների մեջ 48 տոկոսը պայմանավորված է հենց այս հիվանդություններով։ Մենք մշակել էինք մի ծրագիր , որը ներկայացվել էր Կառավարություն և քննարկելուց հետո ընդհանուր բյուջեում կատարվեց փոփոխություն։ 500 միլիոն դրամ տրամադրվեց նման գործողություններ իրականացնելու համար։ Հաստատվել է չափորոշիչ, ըստ որի, եթե հիվանդի մոտ պատահում է այդ 3-րդ տեսակի էստելեվացիան, ապա այդ դեպքում տեղադրվում է ստենտ՝ կյանքը փրկելու համար , որը իրականացվում է քաղաքակիրթ երկրներում։ Հայաստանը այսօր արդեն միացել է այդ երկրների ցանկին»,-նշեց Արմեն Մուրադյանը, հավելելով նաև, որ 364 դեպք արդեն իրականացվել է, որից 24-ը ավարտվել է միայն կորոնոգրաֆիայով, այսինքն՝ հետազոտման փուլով և հաջողվել է խուսափել ստենտավորումից։ «Ցավոք մահվան դեպքեր էլ են արձանագրվել, հիմնականում տարիքն անց մարդկանց մոտ »,- ասաց նախարարը ։ Վերջինիս տեղեկացմամբ՝ տեղի է ունեցել նաև գնային փոփոխություն՝ ոչ դեղապատ ստենտի գինը, վերահաշվարկի արդյունքում նվազել է մեկ միլիոն 100 հազար դրամից դառնալով 700 հազար դրամ։ Մանրամասները դիտեք տեսանյութում։