ՀՅԴ Երիտասարդական և ուսանողական միությունների կոչը
2015 թվականի ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օր, արդեն 100-րդ տարին է, որ մենք որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ հանուն մեկ և կես միլիոն անմեղ զոհերի, կանգնած ենք մարդկության հանդեպ կատարված հանցագործության միջազգային ճանաչման և պատմական արդարության վերականգնման գործընթացի առջև: Թուրքիայի Հանրապետությունը մինչ օրս օգտվում է այն առավելությունից, որը քաղել է մի հանցագործությունից, ինչը իրականացվել է իրենց նախնիների կողմից: Դեռ ավելին Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը՝ ժխտելով ցեղասպանության փաստը և իրականացնելով համաշխարհային քարոզչություն՝ աղավաղելու պատմական իրողությունը: Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ Անկարան գերազանցել է լոբբիստական խմբերի ձևավորման և քաղաքական շանտաժի իրականացման գործը: Որպես հայ երիտասարդներ ողջունում և աջակցում ենք Եվրոպական խորհրդարանի վերջին կոչը՝ Եվրամիության անդամ երկրներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Մենք ընդունում ենք վերոնշյալ դիրքորոշումը, որպես Եվրոպական խորհրդարանի 1987թ-ի որոշման կրկնություն, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հաստատում է. «Հայկական հարցը և Թուրքիայի տարածքում ապրող այլ ազգային փոքրամասնությունների ազգային հարցերը պետք է լուծվեն Թուրքիայի և տվյալ համայնքների միջև հարաբերությունների շրջանակներում»: Մենք կոչ ենք անում Եվրոմիության ղեկավարությանը, մասնավորապես, Եվրոպական խորհուրդին, Եվրոմիության խորհուրդին և Եվրոպական հանձնաժողովին պահպանել Եվրոպական խորհրդի կողմից սահմանված բարոյական չափանիշը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Մենք հորդորում ենք Եվրոմիության ղեկավարությանը խրախուսել իր անդամ պետություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և քրեական պատասխանատվության ենթարկելու մերժողներին: Մենք պահանջում ենք Եվրոպական Միությունից ճնշել Թուրքիային, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը և նախաձեռնի քայլեր՝ բոլոր նյութական և ոչ նյութական կորուստների փոխհատուցման և հայ ազգի պատմական իրավունքների վերականգնման ուղղությամբ: Մենք հարգում ենք Եվրամիության այն դիրքորոշումը, որով Թուրքիան Եվրոմիության անդամ կարող է դառնալ, միայն նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, արդարության հաստատման և հայ ազգի պատմական իրավունքների վերականգնման դեպքում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվա նախաշեմին, մենք՝ որպես վերապրածների սերունդներ, հայտարարում ենք, որ վճռական ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և հայ ազգի անժամանցելի իրավունքների համար մղվող արդար գործում: ՀՅԴ Երիտասարդական և ուսանողական միություններ