Գալուստ Սահակյանը խոստովանահայրը կլինի (տեսանյութ)
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ, Սերժ Սարգսյանի նման, դեռեւս չի պատկերացնում, թե խորհրդարանական կառավարման համակարգն ինչպես է կարգավորելու մեր անվտանգությունը՝ ով է պատերազմ հայտարարողը։ Առայժմ դժվար է պատկերացնել նաեւ, թե ընդդիմադիր որ ուժը պետք է վերահսկողական գործառույթներ ձեռք բերի «Մեզ մոտ վերջին տարիներին ոչ թե ընդդիմություն է, այլ ընդդիմություններ են։ Ո՞վ պիտի լիազորություն ունենա, ինչպիսի լիազորությունները պիտի ունենան, նրանց հսկողությունն ինչպես պիտի կատարվի»,-ասում է նա։։ Ազգային Ժողովի նախագահը դժվարանում է ասել, թե երբ է լինելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն. «Դա կարելի է անել եւ 15 թվականի վերջերին եւ16 թվականի սկզբներին գարնանը»։ Հանրաքվեի դնելուց առաջ փոփոխությունների փաթեթը կմտնի Ազգային Ժողով ինչպես բոլոր օրենքները։ Հանրապետականը չի շտապում, դեռ հույս կա, որ փաթեթի հանդեպ հասարակությունը հետաքրքրություն կդրսեւորի. «Կարող են քննարկումներ պահանջել լրագրողները, ինստիտուտները, դպրոցները, մանկավարժական կոլեկտիվները, գիտնականները)։ Խորհրդարանի ղեկավարին հիշեցրեցինք Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որը նա արել էր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ առաջին հանդիպման օրը, ըստ որի ինքը չի պատրաստվում մնալ նախագահի պաշտոնում եւ չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Գալուստ Սահակյանն այնքան էլ վստահ չէ. «Եթե մնաց կիսանախագահական կամ նախագահական, ինքը չի առաջադրվի, իսկ դա ավելի շատ քաղաքական մեկնությունների կարիք ունի։ Կուսակցություններն իրենք կորոշեն, իսկ այսօր մենք չենք էլ քննարկում ով կլինի վարչապետ, ով կլինի ԱԺ նախագահ։ Ինքը ժամանակաշրջանը քաղաքական տեսակետից իր առաջադրումները կանի»։ Այսինքն, փոփոխությունները չե՞ն փակում Սերժ Սարգսյանի նախագահ կամ վարչապետ առաջադրվելու դուռը . «Իհարկե, դա արդեն կուսակցության խնդիրն է, յուրաքանչյուր կուսակցություն ինքը կարող է դա որոշել»։ Ի դեպ, անդրադարձ եղավ սպասվելիք հանրաքվեն կեղծելու հնարավորությանը։ Խոստանու՞մ է Հանրապետականը, որ գոնե այս անգամ չի կեղծի. «Եթե ըտենց խոստովանելու վիճակ լինի, ես կարծում եմ, որ խոստովանահայրը ես կլինեմ»։