Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգո Կարապետյանը Արարատի մարզում դիտարկել է ոռոգման համակարգը

Տնտեսություն
unnamed7

Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները դիտարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Նախարարին ուղեկցում էին Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, այլ պաշտոնատար անձինք: Այցի սկզբում նախարարը հետևել է   «Արարատ 1»  և «Արմաշ»-ի ինքնակարգավորվող թվայնացված պոմպակայանի աշխատանքների ընթացքին, որը սպասարկում է շուրջ 1800 հեկտար ոռոգելի հողատարածքներ: Ինչպես տեղեկացրել են նախարարին, երկու պոմպակայանն էլ պատրաստ են ոռոգման սեզոնին և անհրաժեշտության դեպքում անմիջապես ձեռնամուխ կլինեն ջրամատակարարմանը: Այնուհետև նախարարն այցելել է 16 կմ երկարություն ունեցող «Հրազդան-Արաքս»-ից սկիզբ առնող  «Ձախ ճյուղ» ջրանցք:   Պատասխանատուները համոզված  են, որ այս տարի  կատարված մաքրման աշխատանքները հնարավորություն կտան եռակի ավելացնել ջրի հոսքի ծավալները: «Մարզի Արարատի տարածաշրջանում կային համայնքներ, որտեղ սակավաջրության պատճառով հողերի մի մասը չէր օգտագործվում: Այս տարի ջրանցքում մաքրման աշխատանքներ են կատարվել, որի շնորհիվ սահմանամերձ երեք համայնքներ` Սևակավանը, Երասխավանը և Արմաշն  ամբողջապես կապահովվեն ոռոգման ջրով»,-իր խոսքում մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Նախարարի խոսքով` մարզում կատարված դիտարկումը ցույց է տվել, որ ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ կատարված են, և առաջին իսկ պահանջի դեպքում գյուղացիական տնտեսությունները կապահովվեն կայուն ջրամատակարարմամբ: Այցի շրջանակներում նախարարը այցելել է նաև Արտաշատի ջրանցք, Վեդիի և Քաղցրաշենի պոմպակայաններ, որոնք  նույնպես ոռոգման սեզոնին ընդառաջ ամբողջությամբ բերվել են աշխատունակ վիճակի: Նախարարն եղել է նաև Արտաշատի խաղողի այգիներում և հետևել  էտի ընթացքին: Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արտաշատում անցկացրել  է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի ջրառների պետերը, ՋՕԸ-երի պետերը,  քննարկվել են շրջայցի արդյունքում բացահայտված թերացումներն ու ոռոգման ոլորտում առկա այլ խնդիրները: Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարել է  ոլորտի պատասխանատուներին  գյուղատնտեսական ողջ տարում իրականացնել անխափան ջրամատակարարում և  միջոցներ ձեռնարկել ջրաբաշխման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին