Նա նկարում էր մեր մեծերին ու այն Երևանը, որն այսօր պատմություն է (տեսանյութ)
Նիկոլայ Դավթյանի «Հիշողության ֆիլմադարան» վավերագրական ֆիլմը կյանքի, ճակատագրի այն դիպվածների մասին է, որոնք պարգևել են Լևոն Աթոյանց մարդու և արվեստագետի այս տեսակը: «Ինձ հետաքրքիր էր, թե ի՞նչը Լևոն Աթոյանցին բերեց ու դարձրեց օպերատոր»,- ասում է ֆիլմի ռեժիսորը թիֆլիսեցի տղային, որը տեսել էր, թե ինչպես են «Գիքորն» ու «Պեպոն» նկարում իրենց թաղամասում, ով «Տասներեքը» ֆիլմի դիտումից հետո թաքնվել էր դահլիճում, որ սավանի հետևում ստուգի՝ որտեղ են թաքնված ձիերը»: Լևոն Աթոյանցի կենսագրությունը հայ կինոյի պատմությունն է. 30-ից ավելի ֆիլմեր, լավագույն ֆիլմեր, այդ թվում՝ «Մորգանի խնամին», «Տժվժիկը», «Հեղնար աղբյուրը», «Քաոսը», «Զինվորն ու փիղը»: Նա նկարահանում ու լուսանկարում էր մեր մեծերին ու այն Երևանը, որն այսօր ավաղ պատմություն է: Հետո դարձավ արցախյան պատերազմի վավերագրողներից մեկը: Երբ ժապավենը վերջանում էր, լուսանկարում էր, լուսանկարում էր դեմքեր, սարսափելի իրականությանը հակադրվող մեր տղաների զարմանալիորեն ժպտացող դեմքերը: Հայ կինոյի լեգենդը չունի որևէ կոչում, նրա կոչումը իր իսկ անունն է` Լևոն Աթոյանց: Այս տարի հայ կինոյի լեգենդը կդառնա 85 տարեկան: