«Ռոբերտ Քոչարյանը դուրս շպրտվեց քաղաքական դաշտից» (տեսանյութ)
«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը երկու օլիգարխիկ բևեռների բախում էր՝ հարստությունը և տնտեսությունը վերաբաշխելու համար։ Ըստ նրա՝ իշխանության այդ քայլով ապացուցվեց, որ քաղաքական դաշտը Հայաստանում մոնոպոլիզացված է։ «Ապագա ընտրություններում ՝ կլինեն դրանք հերթական, թե արտահերթ, մի քանի խամաճիկ կուսակցություններ, որոնք այսօր ԱԺ-ում են՝ 5 կամ 7 մանդատներով, նրանց տեղ կտրվի, որպեսզի աշխարհին ցույց տան, թե մեզ մոտ ժողովրդավարություն է, սակայն հիմնական փաթեթը կմնա նորից ՀՀԿ-ի ձեռքը, դրանով իսկ կապահովվի հանցավոր ռեժիմի վերարտադրման պրոցեսը»,-ասում է Գառնիկ Մարգարյանը։ Վերջինիս համոզմամբ՝ նման պահվածքով իշխանությունները ցույց տվեցին իրենց քաղաքական թիմի որակը՝ ճղճիմ և թույլ։ Նրա խոսքերով՝ երկրի առաջին դեմքի պաշտոն զբաղեցնողը իրավունք չունի իջնել փողոցային զրույցների մակարդակի: «Իմ գնահատմամբ՝ ԲՀԿ-ն որպես քաղաքական կառույց չի գոյատևի, և Գագիկ Ծառուկյանն էլ անկախ էն հանգամանքից, թե ով է, միևնույն է, չի կարող առաջ գնալ, քանի որ իր ետևից գնացող զանգվածը հիասթափված է, այնպես, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում է»,- նշում է պարոն Մարգարյանը։ Այս համատեքստում անդրադառնալով նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից ԲՀԿ-ն ուղղորդելու վերաբերյալ շրջանառվող լուրերին, Գառնիկ Մարգարյանը նշեց, որ այս բախումների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը, որպես քաղաքական գործիչ, դուրս շպրտվեց քաղաքական դաշտից։