Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչպե՞ս բոյեվիկը պետք է ներկայացնի ազգային փոքրամասնության խնդիրները» (տեսանյութ)

Քաղաքականություն
0dba9f63b59d7f6b3b871b781d0345f1

ԱԺ-ում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը սկսեց ներկայացնել 2013թ. իրենց գործունեության մասին զեկույցը: Պարոն Բունիաթյանն, ըստ երեւույթին, առաջին անգամ էր ԱԺ ամբիոնից ելույթ ունենում ու վարման ընթացակարգին ծանոթ չէր: Արդյունքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարբերաբար դիտողություններ էր անում նրան: Օրինակ՝ «Պարոն Բունիաթյան, հենց հայտարարեցի հարց տվողի անունը, դու էլ չես խոսում»։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՌԱՀ-ը կարող է հետեւել հետուստաընկերությունների բնականոն, առանց խտրականության աշխատանքին եւ եթե այո, ապա կարո՞ղ են, օրինակ, Հանրային հեռուստաընկերության եթերով ապահովել մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ հրավիրած հանրահավաքի իրազեկումը: Գագիկ Բունիաթյանը վստահեցրեց, որ այդտեղ որեւէ խնդիր չի տեսնում, իսկ մնացած հարցերով դիմել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին: ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ երբ պարոն Բունիաթյանն ասում է, որ օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել հեռուստատեսությունների գործունեությունում, բացի Հանրայինից, ապա այդ դեպքում ինչպես հասկանալ այն, որ բոլորի եթերով ցուցադրվում են օտար լեզուներով ֆիլմեր՝ առանց թարգմանության. «Բացառություն կարող են կազմել միայն ազգային փոքրամասնությունների մասին ֆիլմերը: Եթե այդ ֆիլմերը նրանց համար են նախատեսված, ապա ինչո՞ւ չկան եզդիերեն, ասորերեն ու հունարեն լեզուներով ֆիլմեր: Հիմա մեր եթերի լեզուն հայերե՞նն է, թե ոչ: Ինչո՞ւ ձեր հանձնաժողովը չի արձագանքում այս խախտումներին»: Բացի այդ, պատգամավորը խոսեց նաեւ ռադիոեթերի որակից մարզերում, որտեղ ավելի լավ ու մատչելի են թուրքերեն ու ադրբեջաներեն հաղորդումները, որոնց հաղորդիչն ավելի ուժեղ է: Գագիկ Բունիաթյանը հայտարարեց, որ որեւէ խախտում չկա. «Հավատացեք, բացի Հանրայինից, բոլոր մյուս հեռուստաընկերություններն օրեկան օտար լեզվով մեկ կամ երկու ֆիլմ են ցուցադրում,  դա նաեւ մրցույթի պայմաններից մեկն է, որ ազգային փոքրամասնություններն էլ օգտվեն: Բոլոր հեռուստաընկերությունները, երեւակայեք, մեծ ցանկություն ունեն թարգմանելու ֆիլմերը, սակայն կա ցանկությունների ու օրենքի տարբերակումը՝ ցանկությունները կապված են մեծ ֆինանսների հետ: Երբեմն ավելի հեշտ է ֆիլմի արտոնագիր ձեռք բերելը, քան թարգմանելը: Իսկ ձեր նշած լեզուների պահանջարկը չկա, դրա համար էլ չկան համապատասխան ֆիլմեր»: Նիկոլ Փաշինյանը մեկ դիտարկում արեց. «Ասենք՝ բոյեվիկը կամ մելոդրաման ինչպես պետք է ներկայացնի ազգային փոքրամասնության խնդիրները»: «Ես ձեզ հետ լրիվ համամիտ եմ, պարոն Փաշինյան: Ոնց որ Իսահակյանը կասեր՝  ճար կա, ճար անող չկա, երբ խնդիրները խորքային դրվեն»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: