Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վիճակը վատ է». Արամ Մանուկյան

Քաղաքականություն
38f01ed9c9d05e4a08df072d6cdf6903

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում որոշեց ավելի հեշտ ու պարզ, ժողովրդի լեզվով ներկայացնել իրենց հեղինակած Կառավարման ճգնաժամը եւ դիմելով իշխանության ներկայացուցիչներին՝ ասաց. «Վիճակը վատ է, թե չէ տեսական ու գիտական բաներ եք ասում այստեղ: Չեք ուզում համակերպվել, որ վիճակը վատ է: Դուք մեզնից լուծումներ եք ուզում, բայց եթե չեք ուզում ընդունել, որ վիճակը վատ է, ապա ինչ լուծումների մասին է խոսքը»: Ըստ նրա՝ եթե դիագնոզը չի տրվում, ապա հիվանդությունը հնարավոր չէ բուժել. Իրականության հետ հաշվի նստել է պետք, եթե խուսափում եք խնդիրներից, ապա անվստահությունն ավելանում է: Ինձ մեղադրում են, թե ես հին մեթոդ եմ կիրառում, սակայն հնուց ի վեր փաստերով խոսելն ամենաուժեղ գործիքն է: Փոխանակ հակափաստարկներ ներկայացնենք, ոչինչ ի պատասխան չեք անում: Իշխանությունը բարոյական հիվանդությամբ է տառապում»: Նրա խոսքերով՝ իշխանությունն իր քաղաքականությամբ ազատ մարդու կաշկանդող է. «Ձեր ազատությունները ոչնչացված են, սա նշանակում է բոլշեւիզմի ռեւանշ: Մենք դա քսան տարի առաջ հաղթահարել ենք, ու դուք հիմա ոչնչացնում եք ազատությունը: Պայքարի միակ գործիքը ժողովուրդն է, որին ուզում ենք բերել ազատ դաշտ»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀԱԿ ներկայացրած նախագծում այնպիսի բան չկար, որ քննարկում կազմակերպեն. «Այստեղ բերել եք ուլտիմատումներով մի թուղթ, պարոն Զուրաբյան, որտեղ քննարկման առարկա, բան չկա: Դուք հիմա կարդում եք մի բան եռյակի անունից, որը գոյություն չունի: Դուք սեփական ժողովրդի նկատմամբ վրեժխնդրություն, չարություն ունեք, որը ձեւավորվել է 1996-97թթ.: Դուք իրավունք չունեք ժողովրդի անունից խոսել, դուք մի խմբակցություն չեք կարողանում ղեկավարել, ուր մնաց ժողովուրդ: Խելքի աշեցեք: Ընդդիմության մեջ կա լուրջ ճգնաժամ, որը ձեռնտու չէ իշխանություններին»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կոչ արեց բոլորին չարությունը հանել իրենց միջից, իրար չարիք չանվանել. «Դա անընդունելի է այս դահլիճում, մանավանդ յուրաքանչյուրիս շուրջ կա հավաքված ընտրազանգված: Ավելորդ պիտակներ կպցնելուց զերծ մնանք, սա վերաբերում է թե ընդդիմությանը, թե իշխանությանը»: