Համաշխարհային բանկը կաջակցի «Նաիրիտ»-ի վերաշահագործմանը
Հայաստանի հետագա տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ժամանակակից ու կենսունակ գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումներով և մի շարք այլ գործոններով, որոնց թվում է նաև նախորդ ժամանակաշրջանի տնտեսական գործունեությունից մնացած ժառանգության համարժեք տնօրինումը: Մենք գիտակցում ենք, որ այս առումով կարևոր քննարկումներ են ընթանում ՀՀ կառավարությունում՝ գտնելու էներգետիկ ու արդյունաբերական ոլորտում տարիներ ի վեր գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու լավագույն ուղիները: Այս գործընթացում կառավարությանն աջակցելու համար Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծ հարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը: Նախատեսվող տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ: «Կառավարության հետ մենք համաձայնության ենք եկել Համաշխարհային բանկի շրջանակում մոբիլիզացնել ավելի քան 110.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներ հիշյալ փորձաքննության համար, որը մեր գործընկերոջ համար կապահովի վերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, - պարզաբանեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին, - Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույն փորձագետներին»: Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25-ին և կտևի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունը քննության կառնի հետևյալ 4 տարրերը.
- գլոբալ շուկայի ուսումասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել.
- արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա.
- արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը, և
- ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի /SWOT/ վերլուծություն: