Նախարարն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին
Փետրվարի 18-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Նախարարը շնորհավորել է դեսպան Նովակովսկուն պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեության ի նպաստ երկու երկրների փոխգործակցության զարգացման: Անդրադառնալով հայ-լեհական բարեկամական հարաբերություններին և գոհունակություն հայտնելով երկխոսության բարձր մակարդակից՝ նախարարը կարևորել է նաև իրավական ոլորտում Լեհաստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործուն ջանքերով այն ավելի կակտիվանա և կարձանագրվեն գործնական արդյունքներ: Դեսպան Նովակովսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել երկու երկրների բազմաբևեռ համագործակցությունը՝ հավելելով, որ Լեհաստանի համար Հայաստանը կարևոր գործընկեր է: Նա իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու մինչ այժմ ունեցած համատեղ ծրագրերը՝ փաստելով հետագա փոխգործակցության նոր ձևաչափերի անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ իրավական փոխօգնությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորելով իրավական ոլորտում փորձի փոխանակումը, դատաիրավական համակարգում կրթական ծրագրերի իրականացումը, համատեղ գիտա-գործնական ծրագրերի մշակումն ու կենսգործումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համատեղ աշխատանքային օրակարգ մշակելու վերաբերյալ: