«Արա, ով է մտածում` ռուսներին չկպնել, այ ցավդ տանեմ». ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում (տեսանյութ)
Կոմունալ վճարումների ոլորտում, մանավանդ ՀԷՑ-ի պարագայում տոտալ գողություն ու բարձիթողի վիճակ է: Համոզված է ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Իրավիճակը շտկելու համար նա ԱԺ Տնտեսական հանձնաժողովին առաջարկեց փոփոխություններ կատարել «ՀԾԿՀ մասին» օրենքում: Փոփոխություններից մեկով նա առաջարկում էր վճարումների մասին ծանուցագրերը սպառողներին ուղարկել փոստով կամ էլեկտրոնային հասցեով. «Լուրջ կասկածներ կան, որ, այսպես կոչված, ձախ էլեկտրաէներգիա էին վաճառում, դա վերցնում են նրանից, ով մուծում է»: Հանձնաժողովի անդամները խնդրեցին նրան` կոնկրետ անուն-ազգանուններ ասել. «Անուն-ազգանուն ասե՞մ, իա, ինչի պիտի ասեմ: Հարկ չեմ համարում ձեզ անուն-ազգանուն ասելու։ Ստեղ մարդ կա՞, որ տենց թուղթ է ստացել, բացի ինձնից»: Վարդան Այվազյանի հարցնում է՝ «Դուք ստացե՞լ եք»: Բագրատյան. «Այո, բայց մի քանի անգամ, բայց ինչ է վրես նստել` մի քանի զանգ, մի քանի թուղթ, որովհետեւ ասում են` օրենք չկա»: «Տենց բան չկա»,- համոզված է Այվազյանը: Պարոն Բագրատյանն առաջարկում էր նաեւ ցուցիչների արկղերը, կապարակնիքները բացել միայն սպառողի ներկայությամբ: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցեց, թե պատգամավորի 2 ցանկությունն էլ կիրառման մեջ կան, ամրագրված են որոշումներում. «Եթե որեւէ քաղաքացի ցանկություն ունի իր էլեկտրոնային փոստով տեղեկություն ստանալ իր նախորդ ամսվա, ինչպես նաեւ` ամբողջ նախորդ տարվա ծախսի ու վճարումների մասին, ընդամենը մի դիմում է գրում»,- ասում է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ինչ վերաբերում է փոստով ուղարկելուն, ապա այդ ծառայության գումարը պետք է վճարի բաժանորդը: Վարդան Այվազյանն առաջարկեց նախագծերի քննարկումը հետաձգել մինչեւ փետրվարի վերջ, երբ հանձնաժողովը կսկսի քննարկել նաեւ Գազի հանձնաժողովի աշխատանքները: Ի դեպ, այս մասին զեկույցը պետք է ներկայացվեր դեռ դեկտեմբերին: Հրանտ Բագրատյանը դժվարությամբ համաձայնվեց` չմոռանալով ակնարկել. «Անպայման մտածում եք` ոնց ռուսներին չկպնեն»: Այվազյանը հակադարձում է. «Արա, ով է մտածում` ռուսներին չկպնել, այ ցավդ տանեմ, ես մտածում եմ` հայերին չկպնեն»: