Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուսակցությունները ցավակցում են

Քաղաքականություն
eaaa063d35ac01f798104a629d367e37

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 9-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը։ Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը։ Որեւէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած հայրենակցի, ամեն մի բանական մարդու կսկիծն ու հոգու խռովքը։ Միաժամանակ վերահաստատում ենք մեր ներկայացուցիչների կողմից նախկինում էլ հրապարակայնորեն պարբերաբար հնչեցրած պահանջը՝ Գյումրում Ավետիսյան գերդաստանի ոճրային սպանության գործի քննությունը եւ հետագայում նաեւ՝ դատաքննությունը պետք է կայանա Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ օրենքներին համապատասխան։ ՀՀԿ խմբակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ: Ցավոք, չհաջողվեց փրկել երեխայի կյանքը, և վերջին լույսը մարեց բոլորիս սրտերում: Այս օրերին մեր ժողովուրդը իր արդարացի պահանջի իրականացման համար դրսևորեց միասնականություն և հաստատակամություն: ՀՀԿ խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի ոճրագործության մեղավորները ենթարկվեն խստագույն պատժի: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խոր կսկիծով տեղեկացավ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան մասին: Գյումրիում տեղի ունեցած սպանդն իր դաժանությամբ և անմարդկայնությամբ աննախադեպ էր: Մենք բոլորս հույս ունեինք, որ Սերյոժան կդիմագրավի ստացած վերքերին, սակայն, ավաղ, փոքրիկի ճակատագիրն այլ կերպ ստացվեց: Մենք խորապես սգում ենք Ավետիսյան ընտանիքի մահն ու միանշանակ արդարացված ենք համարում այս օրերին հասարակության շրջանում տիրող զայրույթի և վրդովմունքի ալիքը: Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը համոզված է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ոճրագործը պետք է դատվի Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից և իր պատիժը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկում: Մենք ակնկալում ենք բաց և թափանցիկ դատական քննություն և դատական գործընթաց՝ ստանալու բոլոր այն հարցերի պատասխանը, որ այսօր հուզում է ցանկացած բանական մարդու: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Նրանում մասնավորապես ասված է. «Ավետիսյան գերդաստանի հարազատներին, բոլոր գյումրեցիներին Մեծարգո հայրենակիցներ, Ձեզ հետ միասին սգում եմ փոքրիկ Սերյոժայի մահը: Ցավում եմ, որ չհաջողվեց փրկել լույսի պես անարատ այդ մանկիկի կյանքը: Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր նահատակը, ով սրախողխող էր արվել մարդկային կերպարանքը կորցրած ճիվաղի ձեռքով, դարձավ աննախադեպ դաժանության 7-րդ զոհը: Չփարատված մնաց վերջին հույսը, որ, իբրեւ սրտի փոքրիկ մխիթարանք, փայփայում էր մեր ողջ ժողովուրդը: Բայց չկոտրվենք, մեզ ուժ ու կամք է հարկավոր՝ ապրելու եւ արդար հատուցում պահանջելու մարդասպանի ու նրա հնարավոր հանցակիցների համար: Թող խաղաղությամբ հանգչի տանջահար մարմինդ, աննման Սերյոժա: Վշտակցաբար՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»