Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաժողովրդական շարժման լիդեր է առաջարկվելու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
12

«Ազգային համաձայնության» ղեկավար Արամ Հարությունյանի սպասելիքները մեծ են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովից. «Քաղաքական ուժերը, որոնք ժամանակին իրար հետ հաշտ չեն եղել, եթե այսօր կանգնած են իրար կողքի, դա նշանակում է, որ կիսապատերազմական վիճակ է, այն իմաստով, որ իշխանությունը սեփական ժողովրդին պատերազմ է հայտարարել»: Խորհրդաժողովին խորհրդարանական ուժերից մասնակցելու է միայն «Ժառանգությունը»: Չմասնակցելով` ՀԱԿ-ը պատճառաբանել է, թե ԲՀԿ-ի հետ համագործակցում են կամ երկկողմ, կամ եռակողմ ձեւաչափով: ՀՅԴ-ն մասնավոր հրավեր չի ստացել, բացի այդ էլ` կուսակցությունն այս օրերին ընդհանուր ժողովն է անցկացնում: Հրավեր չեն ստացել ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն: Խորհրդաժողովին հրավիրված Արամ Հարությունյանի համոզմամբ` ընդդիմադիր ուժերը չպետք է խանգարեն միմյանց, այլ պետք է համախմբվեն. «Այսօր մենք չենք միավորվել որեւէ մեկին նախագահ դարձնելու համար, այսօր մենք միավորվել ենք իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար»։ Խորհրդաժողովին հրավիրված արտախորհրդարանական ուժերից մեկն էլ Տիգրան Կարապետյանի ղեկավարած ԺԿ-ն է: Նա կոնկրետ առաջարկ ունի` համաժողովրդական շարժումն ընդգծված լիդեր պետք է ունենա. «Մենք առաջարկելու ենք Գագիկ Ծառուկյանին` գլխավորել այդ ամենը եւ համախմբվել իր շուրջ»: Ինչու հենց Գագիկ Ծառուկյանը պետք է լինի լիդեր, այլ ոչ թե, օրինակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցին նա հետեւյալ կերպ պատասխանեց. «Իրենք միայն իրենց են համարում ընդդիմություն: Ամպագոռգոռ բառեր ասելու տեղը, պետք է ուղղակի հետեւեն ընդհանուր ընթացքին, ոչ թե համարեն, որ միայն իրենք կարող են, միայն իրենց է տրված դա: Ունեին աստեղային ժամ, մարտի մեկ, 350 հազար միտինգի մասնակից»: Կարծիքներ են հնչում, որ խորհրդաժողովը գնալով մարում է, հանրահավաքային պայքարը եւ իրական նպատակը մեկն է` նախապատրաստվել 2017թ. նախագահի ընտրություններին։ «Ով որ ասում է, նախանձից է ասում: էն որ դունչը չի հասնում, ինչ-որ ասեկոսեներով»,- մեկնաբանում է Տիգրան Կարապետյանը։ Ըստ «Ազգային համաձայնության» ղեկավար Արամ Հարությունյանի՝ «ցանկացած հանրահավաք մի շախ է իշխանություններին, բայց շախմատում նաեւ հավերժական շախի պատճառով դիրքը կրկնվել, առաջանա ոչ-ոքի, որը հասկանում ենք, որ այս ժողովրդի պարտությունն է... հետեւաբար հանրահավաքները պետք է արվեն ճիշտ ժամանակին եւ շախերը, որոնք պետք է տրվեն իշխանություններին, պետք է լինեն մատից մեկ քայլ առաջ»: Արամ Հարությունյանը վստահ է` համաժողովրդական շարժումն ի վերջո հաջողություն է ունենալու, քանի որ գնում է դանդաղ շտապելու մարտավարությամբ, որն էլ նյարդայնացնում է իշխանություններին ու ստիպում գնալ զիջումների: