Ս.Սարգսյանի գործողություններն ու անգործությունը մնում են անքննելի. ՀՔԱ
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով գործի քննության ընդունումը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ. նոյեմբերի 12-ին դիմում էր ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որով խնդրել էր ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67, 68-րդ և 69-րդ հոդվածները այնքանով, որքանով սահմանափակում են արտաքին քաղաքականության բնագավառում ՀՀ Նախագահի իրականացրած գործողությունների արդյունքում ընդունված վարչական ակտերի վիճարկումը ՀՀ վարչական դատարանում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 6, 18, 19, հոդվածներին հակասող և անվավեր: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքներ է ներկայացրել ՀՀ Վարչական և ՀՀ Վարչական վերաքննիչ դատարաններ, որոնցով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի Մաքսային միության անդամակցելուն ուղղված գործողությունները, մասնավորապես 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը: ՀՀ վարչական և ՀՀ վերաքննիչ վարչական դատարաններ ուղարկված բողոքների քննությունը մերժվել էր, պատճառաբանությամբ, որ այդ հարցով ՀՀ վարչական դատարանը չի կարող զբաղվել, վկայակոչելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67, 68-րդ և 69-րդ հոդվածները և արդյունքում անհնարին է դառնում ՀՀ որևէ դատական ատյանում բողոքարկել ՀՀ նախագահի իրականացրած գործողությունները կամ անգործությունը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ