Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալիևի ագրեսիայից կտուժի ոչ միայն Հայաստանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
stepan-safaryan

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ այսօր ոչ միայն ՀՀ-ի և ԼՂՀ-ի, այլև ողջ միջազգային հանրության համար թիվ մեկ խնդիր է դարձել կանխել Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։ Նրա խոսքերով՝ այսօր չկա որևէ մեկը, որը իսկապես հույս կփայփայի, որ 2015թ-ին հասնելու ենք հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ «Ադրբեջանի մոտ բացարձակապես նոր ռազմավարություն կա։ Եթե նախկին տարիներին նա բավարարվում էր հայկական այս կամ այն դիրքի ամրությունը փորձարկելով, ապա այժմ մենք տեսնում ենք, որ այն սիստեմատիկ մեծացնում է լարվածությունը ոչ միայն Արցախի և Ադրբեջանի սահմանագծին, այլև բավականին մեծ համարձակությամբ և բացահայտ ոտնձգություններ է իրականացնում ՀՀ-ի սահմանների նկատմամբ, և դա այն դեպքում, երբ հունվարի 1-ից Հայաստանը այլևս ԵՏՄ անդամ է, այն միության, որին անդամակցելը կապում էին մեր անվտանգության հետ»,-նշեց Ստեփան Սաֆարյանը։ Վերջինիս խոսքերով՝ նկատելի է, որ Իլհամ Ալիևին բարկացնում է այն փաստը, որ աշխարհի հզորագույն տերությունների քննարկման թեժ օրակարգում այս հարցը չի ընդգրկվում, և ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Ալիևը փորձում է այն աստիճանի լարել իրավիճակը, որ աշխարհի հզորները մոռացության չմատնեն Ղարաբաղի խնդիրը։ Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ևս մեծ ազդեցություն ունեցավ ԼՂՀ-ի հարցի վրա։ «Որքան էլ ԵՏՄ-ի անդամ երկրները հայտարարեցին, որ, ըստ էության, ԼՂ-ն որևէ մաս չի կազմում այս տնտեսական միությանը, այնուամենայնիվ Ալիևին չհաջողվեց հասնել Հայաստանից Արցախի և՛ մաքսակետային , և՛ այլ հարցերով հստակ անջատմանը»։ Պարոն Սաֆարյանը նաև նշեց, որ այս կերպ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, թե որքանով է ԵՏՄ-ն տեր կանգնում իր նոր դաշնակցին ։ «Տավուշի մարզում օրը ցերեկով դիվերսիոն ներխուժման փորձի ժամանակ , երբ քաղաքացիական բնակչությունն է թիրախի տակ վերցվում, դա արդեն մի փոքր ավելին է, քան դիրքային ճակատամարտը, հետևաբար պետք է հասկանանք, որ Ալիևը որպես բռնապետ կայացել է, և նրա ամբողջ ագրեսիան ուղղվելու է նաև իր երկրից դուրս։ Եթե այս պահին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն, ապա հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել ոչ միայն Հայաստանի, այլ նաև հենց միջազգային հանրության համար»։