«Որն է արտահերթի նպատակը՝ կուրծք ծեծել, ասել՝ ինչ վա՞տ ա» (տեսանյութ)
Ազգային Ժողովի 4 ընդդիմադիր ուժի այսօրվա բոյկոտի պատճառը Արամ Մանուկյանի դեմ բռնության հարցով արտահերթ նիստ հրավիրելու պահանջը Հանրապետականի կողմից մերժելն էր։ Բոյկոտին դեմ էր նաեւ Դաշնակցությունը «Դա հակաօրինական պահանջ է, որովհետեւ օրենսդրությունը եւ Սահմանադրությունն ասում է, որ նիստը գումարում է նախաձեռնողը իր սահմանված ժամին եւ օրակարգով»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Էդուարդ Շարմազանովն ընդդիմությանը խնդրում է ցույց տալ կանոնակարգի մի կետ, որով Արամ Մանուկյանի դեմ բռնության հարցով արտահերթ նիստ հրավիրելն ավելի կարեւոր է, քան՝ այն նիստը, որը գումարել են Սահմանադրության պահանջով «Արտահերթ նիստի նպատակահարմարություն չեմ գտնում։ Ո՞րն ա նպատակահարմարությունը՝ կուրծք ծեծել, ասել՝ ինչ վա՞տ ա»։ Գալուստ Սահակյանը դեմ չէր արտահերթ նիստին, բայց շատ պարզ ընթացակարգով՝ համաձայնեցնում ենք դատապարտող տեքստը, կարդում ենք եւ քվեարկում «Դեմ եմ նրան, որ դարձնենք շուկա եւ փորձի ամեն մի քաղաքական ուժ իր մաղձը կամ ոչ մաղձը էսպես հասարակությանը ներկայացվի մոռանալով, թե ինչի համար է հավաքվել»։ Սերժ Սարգսյանին հայհոյելը պարոն Սահակյանի համար դատապարտելի է, բայց պետք չէ մտածել, թե դա մի բան է, որ անպայման բռնության պետք է դիմել։ Ինքը, օրինակ, գիտի ոնց պահի իրեն, երբ հայհոյում են Սերժ Սարգսյանին «Ռեակցիաս ուժեղ կլինի, բայց կլինի իրավաչափ եւ տեղը տեղին»։ Ընդդիմադիր չորս ուժերը հավաքվել եւ քննարկում էին տեքստը, որով նախաձեռնելու են արտահերթ նստաշրջան։ Այդ ընթացքում պարոն Սահակյանը ամբիոնից հայտարարեց, որ արտահերթին դեմ չեն «Եթե նպատակահարմար կգտնեք, կարող ենք 6.30-ից հետո արտահերթ նիստ հրավիրել», ասաց Գալուստ Սահակյանը։ Նրան հետևեց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը. «Կարող է լինել մեկ տեքստ, երկու տեքստ, երեք տեքստ, չորս տեքստ, բայց հայտարարությունը պետք է լինի մեկը»։ Ընդդիմության համար Գալուստ Սահակյանի ամբիոնից արված հայտարարությունը իրենց պահանջին ընդառաջ գնալու քայլ չէր «Գնալը նա կլինի, եթե քննարկենք, միասնական բան ընդունենք, որոշում»,- ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը։