Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվանագետներն արտոնությունից չեն զրկվի

Քաղաքականություն
parl

Կիսադատարկ դահլիճում այսօր ԱԺ-ն շարունակեց քննարկել Կառավարության ներկայացրած նախագծերը: Դրանցից ԵՏՄ մաքսային կարգավորումներին վերաբերող փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին: Պատգամավորը, մասնավորապես, նկատեց, որ ավելորդ շտապողականություն կա այս փաթեթի ընդունման հետ կապված. «Կարծես թե շուկայական փուլ մտած լինի այս գործընթացը, որ բոլորը ձգտում են ՌԴ-ից մաքսիմալ պոկել ամանորյա այս վազքի ընթացքում: Լավ չէ՞ր լինի, եթե այդ բազարների մեջ չմտնեինք, ու մենք մեր շահը լավ գիտակցեինք: Մենք ոնց որ խելոք աշակերտի նման մեր տնային աշխատանքը կատարելիս լինենք: Անհրաժե՞շտ է արդյոք մեր այս շտապողականությունը, թե՞ սպասենք, տեսնենք՝ աշխարհն ուր է գնում. միեւնույն է, հունվարից չենք անդամակցելու ԵՏՄ-ին, քանի որ մաքսային նոր ռեժիմներին հարմարվել է դեռ պետք, կամ էլ տեսնենք՝ ղազախներն ու բելառուսներն ինչ են անելու»: Վախթանգ Միրումյանը վստահեցրեց, որ ոչ մի շտապողականություն էլ չկա. «Անկախ նրանից, թե միության անդամ մեր գործընկերները ինչ դիրքորոշումներ կունենան, մենք պետք է ապահովենք այն պայմանները, որոնց շնորհիվ մենք կկարողանանք առավելագույն արդյունքներ ունենալ ԵՏՄ մտնելով»: Ի դեպ, ներկայացված փաթեթով այլեւս չի գործելու «ՀՀ Մաքսային օրենսգիրքը», այլ կլինի մաքսային կարգավորումների փաստաթուղթ: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հետաքրքրում էր՝ արդյո՞ք ավտոմեքենաների ներկրման կարգավորումներում կլինեն փոփոխություններ: Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ ԱԱՀ-ն կշարունակվի հարկվել ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենա ներմուծելիս միության անդամ երկրներից: Միակ առավելությունը լինելու է այն, որ այլեւս մաքսատուրք չի գանձվելու»: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին էլ հետաքրքրում էր՝ ԵՏՄ անդամակցության անցումային շրջանն անցնելուց հետո մեր դիվանագետները, փաստորեն, զրկվելու են իրենց գույքը առանց մաքսազերծման ՀՀ տեղափոխելու արտոնությունից: «Արտոնությունները չեն վերանում, պահպանվելու են, բացառությամբ ավտոմեքենաներ ներմուծելիս»,- տեղեկացրեց Ֆինանսների նախարարի տեղակալը: