Ղազախստանի ուշացումը չի տապալում ԵՏՄ-ին մեր անդամակցումը, բայց կան խնդիրներ
Քանի որ այսօր ակտիվ քննարկումների առարկա է դարձել այն, որ Ղազախստանի խորհրդարանը 2014 թվականի ընթացքում չի հասցնի վավերացնել ԵՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը, հարկ ենք համարում հստակեցնել հետևյալը. -“Հրապարակ” օրաթերթի` ԵՏՄ-ին մեր անդամակցության տապալման նյութը համապատասխանում է իրականությանն այն մասով, որ հոկտեմբերի 10-ի պայմանագրով Հայաստանը, իսկապես, միանում է ԵՏՄ պայմանագրին և ոչ թե անդամակցում ԵՏՄ-ին: Այսինքն` այդ պայմանագրի վավերացման դեպքում Հայաստանը դառնում է ԵՏՄ հիմնադիր անդամ: Իսկ հունվարի 1-ից հետո այդ միությանն անդամակցելու համար բոլորովին այլ ընթացակարգ է սահմանված ԵՏՄ պայմանագրի 108-րդ հոդվածով: -Այնուամենայնիվ, անգամ ստեղծված իրավական անհեթհեթ իրավիճակում, եթե և երբ որ բոլոր 4 երկրները վավերացնեն Հայաստանի պայմանագիրը, Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ` ի հեճուկս նշված իրավանորմերի: -Նշված նորմերի և ժամկետների խախտումը կառաջացնի իրավական բազմաթիվ (հարյուրավոր) անհստակություններ: -Ստեղծված իրավիճակում մենք հունվարի 1-ից հավանաբար չենք անդամակցի ԵՏՄ-ին, սակայն կանդամակցենք դրան Ղազախստանի օրենսդիր մարմնի վավերացումից ամիջապես հետո: Այսինքն` այդ կառույցին մեր անդամակցության օրը դառնում է անորոշ, քանի որ չենք կարող կանխատեսել, թե Ղազախստանում այն երբ կվավերացվի: -Հունվարի 1-ից տնտեսվարողների համար ստեղծվում է անկանխատեսելի վիճակ, երբ վերջիններս չեն իմանա, թե, ասենք, ինչպիսի մաքսային դրույքաչափեր կլինեն 1 շաբաթ հետո: “Իրազեկ Քաղաքացիների Միավորում”