Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ ֆորմալ գյալաջիներ կարող եք անել «Բելաջիո»-ում» (տեսանյութ)

Քաղաքականություն
770dad0b498ec1c7ff958d0210163b48

Այսօր մինչ կսկսվեր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ բռնության է  ենթարկվել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ ԱԺ-ն պետք է դատապարտի այս եւ մի քանի օր առաջ ազատամարտիկների եւ Նախախորհրդարանի անդամների նկատմամբ տեղի ունեցած բոլոր բռնությունները: Բացի այդ, նա առաջարկեց քննարկել հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գործողություններն ու անգործությունը հայ-ռուսական բարեկամության ակումբի նիստի ժամանակ. «Այդտեղ հերթական անգամ տեղի է ունեցել «Լեզվի մասին» օրենքի խախտում, եւ դա տեղի է ունեցել հանձնաժողովների երեք նախագների, ընդ որում Կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի ներկայությամբ: Դատապարտում ենք ձեր գործողությունները, պարոն Զաքարյան, որոնց արդյունքում խախտվել է օրենքը»: Արտակ Զաքարյանն իր հերթին հայտարարեց, որ դատապարտում է Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած բռնությունը. «Սակայն կարիք չկա հատուկ հանձնաժողովի անունից հավելյալ հանդես գալ հայտարարությամբ, քանի որ իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով: Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական ակումբում ռուսերեն լեզվով անցկացված զրույցին, դա ոչ ֆորմալ ակումբ է, ու դա պաշտոնական հանդիպում չի եղել: Օրինակ՝ օրեր առաջ իմ աշխատասենյակում եգիպտական հեռուստաընկերություններից մեկին անգլերեն հարցազրույց եմ տվել, դա է՞լ է խախտում»: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Լեզվի պետական տեսչության պետը եւս  դատապարտել է այդ հանդիպումը. «Ի դեպ, մի քանի անգամ օրենքը խախտելուց հետո քրեական պատասխանատվություն է ենթադրվում: Ինձ զարմացնում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կեցվածքը, դա զավեշտ է, երբ նա ԱԺ լիագումար նիստում Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ հայտարարում է,  թե խախտվել է «Լեզվի մասին» օրենքը, միաժամանակ այդ ակումբում նրա խորհրդականը ռուսերեն  տեքստ է հրապարակում: Ես հետեւողական եմ լինելու, ընդհուպ մինչեւ օրենքով սահմանված ընթացակարգերով»: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ այն հանդիպումները, որտեղ ներկա են պատգամավորներ, դրանք միայն ու միայն պաշտոնական հանդիպումներ են. «Ոչ ֆորմալ գյալաջիներ կարող եք անել «Բելաջիո»-ում: Պետք է նշեմ, որ այդ ակումբի հանդիպումներին ընդդիմադիրներ չեն հրավիրվում»: Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ անպտուղ քննարկում են սկսել, առաջարկեց անցնել բուն օրակարգին, որ բաղկացած է յոթ կետից. բոլորն էլ վարկային ծրագրերին են առնչվում։ Քննարկվելու է յոթ միջազգային համաձայնագիր՝ նոր վարկեր վերցնելու մասին, ընդհանուր առմամբ՝ շուրջ 260 միլիոն դոլարի՝ էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման սպասարկման ոլորտին վերաբերող: Նիկոլ Փաշինյաննն առաջարկեց օրակարգը համալրել եւս երկու կետով. ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնության դատապարտման հայտարարություն ընդունել, ինչպես նաեւ՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գործողությունները քննարկման առարկա դարձնել: Մինչ պատգամավորի առաջարկությունը կդրվեր քվեարկության, վարման կարգի հետ կապված ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ իրեն էլ ուրեմն պետք  է ներառել Արտակ Զաքարյանի անվան կողքին, քանի որ հայ-ճապոնական միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպմանն ինքը եւս խոսել է անգլերեն: Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնությանը, ապա հայտարարեց, որ առաջիկայում ունեն արտահերթ նիստ, այնտեղ էլ կքննարկեն այդ միջադեպը: Ի վերջո, առաջարկությունը դրվեց քվեարկության եւ ներկա 11 պատգամավորից կողմ արտահայտվեցին Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Մհեր Շահգելդյանը: Իսկ հանձնաժողովում առկա յոթ կետանոց օրակարգն անցավ 12 կողմ եւ 2 դեմ ձայներով: Դեմ էին Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: