Քրդերը փշրում են հուշարձանները՝ գանձեր գտնելու համար (տեսանյութ)
3 օր առաջ լույս է տեսել հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի «Հայաստան» եռալեզու ալբոմը՝ շուրջ 484 էջ , որի մեջ զետեղված են տեղեկություններ և լուսանկարներ պատմական Մեծ Հայքի ամբողջ տարածքի, բնության և հուշարձանների մասին ՝ սկսած նախապատմական դարաշրջանից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Հուշարձանագետը նշեց, որ տպագրվել է 1000 օրինակ, որոնք, սակայն, նախատեսված չեն վաճառքի համար: Տրամադրվել են դեռևս գրադարաններին, մի մասն էլ նախատեսված է նվերների համար՝ պատվիրատուի ցանկությունն է, իսկ պատվիրատուն էլ նախկին «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանն է։ «Տասնյակ բերդեր կան, որոնց մասին առաջին անգամ է նկարագրվում այս ալբոմի մեջ, կան նաև դրանց լուսանկարները, որոնց գոյության մասին խոսք անգամ չկար ։ Ամենատարբեր հուշարձանների շատ հարուստ շտեմարան է այս գիրքը»։ Բանախոսի տեղեկացմամբ՝ մինչև հիմա թե՛ գիտական, թե՛ ալբոմատիպ աշխատություններում այդ հուշարձանները չեն ներկայացվել, որովհետև հուշարձանները այցելուներ չեն ունեցել ։ Սակայն ըստ պարոն Կարապետյանի գիրքը ունի մի մեծ բաց. «Չափագրություններ չկան, միայն լուսանկարներն են , այսինքն մենք ունենք չափագրություններ, պարզապես չենք զետեղել, սակայն հաջորդ ՝ գիտական ուղղվածությամբ աշխատություններում արդեն դրանք ևս անպայման առկա կլինեն»։ Պարոն Կարապետյանը շեշտեց նաև, որ կան նաև այնպիսի պատմական հուշարձաններ, որոնք այսօր հիմնովին ավերված են սակայն դրանց լուսանկարներն ու պատմությունը ևս ընդգրկված է ալբոմի մեջ՝ օրինակ Խծկոնքի վանքը։ «Նայում են քրդերը, որ խաչքարը, որ ավելի զարդ ունի , ավելի գեղեցիկ է, ավելի ճոխ է , իրենց պատկերացմամբ՝ հատկապես դրանց տակ կարող է գանձեր թաքնված լինեն, և ավերում են հենց ամենագեղեցիկները ։ Նրանք պարզապես հիվանդ վիճակի մեջ են, մի տեղ մի հատ խաչ են տեսնում, կամ ժայռի վրա մի բան են տեսնում, ժայռն են պայթեցնում, սեպագիր արձանագրությունն են ավերում, քարերն են փշրում»։