«ՌԴ-ն անվտանգության հարց չի լուծում» (տեսանյութ)
ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրին միանալու քննարկումներին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ինքը կողմ չէ, որ լրջագույն այս հարցը տեղափոխվի զգացմունքային դաշտ: Նա եւս մեկ անգամ նշեց, որ այս պայմանագիրը հակասահմանադրական է եւ այն բոլորովին էլ չի լուծում մեր անվտանգության հարցը. «Դրա վառ օրինակը ԼՂՀ տարածքում ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի կործանման դեպքն էր, ինչպես նաեւ` ՌԴ կողմից մեզ վաճառվող զենքը, որը մենք ստանում ենք ընդամենը գործարանային գներով: Ուղղաթիռի դեպքով ՀԱՊԿ կողմից ի՞նչ գործողություն ձեռնարկվեց: Չեմ կարծում, որ որեւէ մեկը ծանրակշիռ փաստարկ կբերի»: Նա անդրադարձավ նաեւ ԵՄ ասոցացման բանակցություններին` նշելով, որ 3,5 տարի բանակցություն էին իշխանությունները վարում ԵՄ-ի հետ, մի՞թե այդ ընթացքում տեղյակ չէին կամ չէին հիշում, թե ինչ վառ հեռանկարներ էր խոստանում ՌԴ-ն: Ինտեգրացիան լավ բան է, երբ այն հանցավոր խմբավորման հետ չէ, մինչդեռ ՌԴ-ն գնում է կայուն վատթարացման: Այդ ֆոնին ԵՄ շուկաները 40 անգամ ավելի մեծ են ու 7,5 անգամ ավելի մեծ շրջանառություն ունեն: Ես հստակ դեմ եմ ԵՏՄ պայմանագրին: ԵՄ ասոցացման պայմանագրով խոսք էր գնում ընդամենը ստանդարտների մասին, այլ ոչ թե պարտադրանքների մասին: Կոչ եմ անում գնանք ավելի քաղաքակիրթ աշխարհ` դեպի ԵՄ»: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւս հավաստիացրեց, որ ԵՏՄ հարցում հատկապես ամենավատ խորհրդատուն զգացմունքներն են. «Իրականությունն այն է, որ աշխարհը հայտնվել է նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիաների ձեւավորման փուլում. նոր աշխարհագրության ձեւավորման գործընթաց է գնում: Այո, ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, սակայն ո՞ր տնտեսական պրոյեկտը առանց անվտանգության կարող է գոյատեւել»: Ըստ նրա` ԵՄ անդամակցությունը ՀՀ համար վտանգավոր էր, եւ նա հիշեցրեց Ուկրաինայի դեպքերը, որոնք անգամ Եվրոպայի համար ձեռնտու չէին. «Այո, ՌԴ-ն այսօր լավ օրեր չի ապրում, սակայն այս սանկցիաները ժամանակավոր բնույթ են կրում»: