«Ամենը կբացահայտվի ռեժիմի տապալումից օրեր անց» (տեսանյութ)
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանը հավաստիացնում է՝ իրեն չեն կարող հետ պահել շարժումից։ Նոյեմբերի 27-ին Երեւանի Կենտրոնում իր վրա հարձակում էր գործադրվել եւ գլխի շրջանում վնասվածք էր ստացել՝ կորցնելով գիտակցությունը։ Նա, սակայն, հույս չունի, որ գործը կբացահայտվի. «Տարածքում, որտեղ ինձ վրա հարձակվել են, հսկվում է 3 տեսախցիկներով, եթե ոստիկանությունը ուզենար, մարդիկ արդեն ձերբակալված կլինեին»։ Նախախորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն էլ ավելացնում է. «Վերջիվերջո, հո իրենք իրենց չեն բացահայտելու։ Այդ ամենը կբացահայտվի ռեժիմի տապալումից ընդամենը օրեր անց»։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ գործով հետաքննությունը դեռ շարունակվում է։ Գարեգին Չուգասզյանն էլ հիշեցնում է, որ ինչպես Գեւորգին մարմնական վնասվածք պատճառելը, այնպես էլ շարժման աջակիցների մեքենաները այրելը, հասարակության մեջ տարբեր կերպ ընկալվեց, քաղաքացիների մեծ մասը միացավ շարժմանը, իսկ մի մասն էլ չարախնդաց։ Նախախորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն այսօր անդրադարձավ նաեւ Հայաստանի ԵՏՄ-ին միանալուն՝ նշելով, որ դեմ են դրան, սակայն պայքարը ռեժիմից դուրս են տեսնում. «Այս ռեժիմը մեզ կտանի մի նորելուկ կայսրության անդամ դարձնելու, եւ լուծումը տեսնում ենք այս ռեժիմից ազատվելու մեջ»,- եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը։