Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձրացվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ Հայաստանի շրջափակման հարցը

Քաղաքականություն
հերմինե

Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

  Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է. «ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի հերթական նստաշրջանում տեղի ունեցան կարևոր հարցերի քննարկումներ : Առանձնապես կցանկանայի նշել, որ արդեն 2-րդ նիստն է, ինչ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովում քննարկվում է միջազգային հարաբերություններում տնտեսական, առևտրային, ֆինանսական և տրանսպորտային շրջափակումների դադարեցման կամ անընդունելիության մասին հարցը: Պետք է ասեմ, որ սա մի նախագիծ է, որն ի սկզբանե ներկայացվել է առանձին կոնկրետ դեպքերի վերաբերյալ՝ նկատի ունենալով Կուբայի հանրապետությունը, քննարկման ժամանակ մենք բարձրաձայնեցինք նաև՝ Հայաստանի հանրապետությանն առնչվող խնդիրը, իսկ հետագայում հանձնաժողովի քննարկման ընթացքում ձևավորվեց առաջարկ՝ միջազգային իրավունքի և սկզբունքների վերաբերյալ ավելի ընդհանրական մի հայտարարություն պատրաստելու վերաբերյալ: Այդ հայտարարության նախագծի վրա աշխատել ենք մենք՝ Հայաստանի ներկայացուցիչներս, և ԱՊՀ ՄԽՎ Բելառուսի պատվիրակության անդամները: Հայտարարության բուն էությունը կայանում է նրանում, որ սանկցիաները, շրջափակումները և այլ տնտեսական, առևտրային , ֆինանսական, տրանսպորտային սահմանափակումները , որպես պայքարի միջոց կամ որպես գերակայություն ստեղծելու հնարավորություն, բացարձակ անընդունելի են միջազգային հարաբերություններում, և, բնական է, որ Հայաստանը, որպես շուրջ 20 տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող երկիր, շահագրիռ է այս օրինագիծը ընդունելու հարցում: Քանի որ ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովում և հանձնաժողովների նիստերում հարցերի ընդունման կանոնակարգային ձևը կոնսենսուսն է, այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը համաձայն լինեն, այստեղ ևս մենք՝ ես և Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցինք Ադրբեջանի պատվիրակության կոշտ հակազդեցությանը , այդ բանավեճերը, որպես կանոն, անցնում են երկկողմ սրացումների պայմաններում: Ադրբեջանի պատվիրակությունը ընդհանրապես խնդիրը դնում էր այնպես, որ հարցն օրակարգից դուրս գա, բայց ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կողմ դիքորոշմամբ էր հանդես գալիս, բոլոր պատվիրակների կողմից բարձրաձայնվում էր ինչպես սանկցիաների քաղաքականության կիրառման անընդունելիության, սա համարելով ոչ քաղաքակիրթ մեթոդ, այնպես էլ դրանց դատապարտման մասին: Այն հանգամանքը, որ հենց ԱՊՀ հանրության մեջ 20 տարուց ավել կիրառվում է նման վարքագիծ և նման քաղաքականություն , բացարձակ անընդունելի էր հանձնաժողովի անդամ երկրների մեծ մասի համար, որոնց թվում՝ Ռուսաստանը, Մոլդավիան, Կիրգիզիան, Բելառուսը և այլն: Այնուամենայնիվ, հանձնաժողովը մնաց այն կարծիքին, որ պետք է ուղիներ գտնել համապարփակ ձևակերպումներով այս հայտարարությունը ընդունելու համար և պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ խնդիրը հետաձգել մինչ հաջորդ նիստը, իսկ Բելառուսի պատվիրակությունը ստանձնեց այդ ձևակերպումների համապատասխանեցման և ներդաշնակեցման աշխատանքը: Հուսով եմ, որ հանձնաժողովի արդեն մյուս նիստում, որը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլ ամսին, այդ կարևոր քաղաքական հայտարարությունը կընդունվի: Նշեմ նաև, որ այս նիստի ընթացքում մեր պատվիրակության կողմից խնդիրը այնպես դրվեց, որ այդ հայտարարությանը դեմ լինելը՝ կնշանակի փաստացիորեն արդարացնել շրջափակումների քաղաքականությունը , իսկ դրան ընդունակ է միայն Ադրբեջանը կամ Թուրքիան, այսինքն՝ այն պետությունները, որոնք ներկայումս դա կիրառում են: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ճնշման կամ հարկադրանքի անարդյունավետ միջոցառումները ոտնահարում են ազգերի և պետությունների օրինական շահերը, արգելափակում են երկկողմանի և բազմաձևաչափ համագործակցությունը և միայն անաչառ և հավասար երկխոսությունը կարող է նպաստել միջազգային տարաձայնությունների կարգավորմանը»: