Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջայլամի քաղաքականությունը չեմ ընդունում» (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik1

ԱԺ-ն այսօր վարման կարգի շուրջ բանավեճերից հետո, ի վերջո, սկսեց օրինագծերի քննարկումները: Խորհրդարանը սկսեց քննարկել «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախաձեռնությունը՝ փոփոխություններ կատարել «Ընտրական օրենսգրքում»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահաբար հայտարարեց, որ այս նախագիծը չի կարող ընդունվել: Ըստ նրա՝ բարձրացված հարցերը Անկախությունից սկսած, բոլոր ժամանակներում արդիական հարցեր են, հարյուր տոկոս ընտրակարգի անցումը՝ ընտրակաշառքների ու ընտրախախտումների բացառման առումով. «Դրա համար կարեւոր է, որ եւս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցերին: Արդյոք միապալատ մեր ԱԺ-ում կարող են լինել մի քանի մանդատով օժտված պատգամավորներ:Սա խախտում է: Եթե ուզում եք պահպանել մեծամասնականը, ստեղծեք եւս մեկ պալատ: Սա սկզբունքային նշանակության հարց է»: Արծվիկ Մինասյանի կարծիքով, եթե ուզում ենք ստեղծել ընտրական անկախ համակարգ, ապա այն պետք է հիմնովին փոխել. «Եթե ուզում ենք, որ ընտրողը չվերահսկվի որեւէ երրորդ անձի կողմից, եթե ուզում ենք փարատվի կասկածը ընտրացուցակների վերաբերյալ, պետք են համակարգային փոփոխություններ: Կա չէ՞ բոլորիդ մոտ այդ կասկածը՝ ընտրացուցակների հետ կապված ու այն չի փարատվում, այն ստվերում է ընտրությունների ամբողջ գործընթացը: Այո, եղել է, որ ընտրություններին մասնակցել են մարդիկ, որոնք ոչ միայն ֆիզիկապես ՀՀ-ում չեն, այլեւ անձնագիր էլ չեն ունեցել»: Պատգամավորի համոզմամբ, խնդրի լուծման ամենաարդիական տարբերակը՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներն են. «Ես չեմ ընդունում ուլտիմատումի տարբերակը, սակայն ջայլամի քաղաքականությունն էլ չեմ ընդունում: Մտնենք սահմանադրական բարեփոխումների փուլ, ներկայացնենք մեր առաջարկություններն ու անցնենք ԸՕ փոփոխություններին, պատրաստվենք ավելի ժողովրդավար ընտրություններին: Ոչ մեկս չպետք է տարակարծություններ ունենանք: Այլընտրանք չկա, ես վստահ եմ, որ այս նախագիծը չի անցնի, սակայն քաղաքական օրակարգ բերված այս հարցերի շուրջ բոլորով գանք միասնական տեսակետի: Իսկ կոնսենսուս մինուս մեկ, գումարած մեկ տարբերակը հանենք մեր միջից»: ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ժառանգության» նախաձեռնությունը համարում է ճիշտ: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ ում հետ խոսել է, ոչ մեկը չի ուզում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում: