Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը չմասնակցեց քվեարկություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
aj11

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ խորհրդարանն իր արտահերթ նիստերով ուղղակի դակում է օրենքները. «Դրանք հապշտապ մատուցվել են օրակարգ, եւ բազմաթիվ քվեարկություններ ուղղակի տապալվել են: Ինչ-որ պահից դուք՝ պարոն Սահակյան, հասկանալով, որ չեք կարողանում բնականոն ընթացքը ապահովել, դադարեցրել եք քվեարկությունը: Սակայն, չգիտես ինչու, մեկ էլ պարզվում է, որ չկայացած քվեարկությունները նորից բերում եք ԱԺ քառօրյա ու կազմակերպում քվեարկություն: Կարող եք բացատրել՝ որ մեխանիզմով է հնարավոր՝ ինչ-որ բաներ անավարտ մնացած բերել ու հերթական նիստում քվեարկել»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց՝ ասելով. «Կարծում եմ, որ կարող եմ բացատրել, սակայն չեմ անի, քանի որ դրա համար ընդամենը քսան րոպե է պետք՝ «ԱԺ Կանոնակարգ օրենքը» ընթերցելու համար: Կանոնակարգի որեւէ խախտում չկա»: Դրանից հետո նա «Կանոնակարգ օրենքը» տվեց քարտուղարության պատասխանատուին ու խնդրեց փոխանցել Լեւոն Զուրաբյանին Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ պարոն Սահակյանն իր գործողություններն արդարացնելու համար հղում կատարեց Կանոնակարգին, սակայն չասաց, որ հոդվածով է դա արվում. «Քսան տարի է կարդում եք այդ օրենքը, եւ կարծում եմ՝ դժվարություն չէր լինի ձեզ համար՝ մեջբերելու այն մեխանիզմը, որ դա ձեզ թույլ էր տալիս: Մենք արձանագրում ենք, որ դուք պատասխան չունեք»: «Ոչ ամբողջական ու իրականությունից հեռու հայտարարություններ եք անում, պարոն Զուրաբյան»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովն ու սկսեց ընթերցել Կանոնակարգ օրենքը: Իսկ «Ժառանգության» պատգանավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց նաեւ ԵՏՄ պայմանագրին՝ ՀՀ միանալուց. «Անցած տարի Գյումրիում ռուսական ռազմաբազայի բացմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իրենք երբեք էլ ՀՀ-ից չէին հեռացել. «Եկեք մի պահ մտածեք՝ ինչ է նշանակում Պուտինի ասածները: Եկեք մի պահ պատկերացնենք՝ առաջրիկայում ինչ է մեզ սպասվում: Ես իմ խոսքն ուղղում եմ պատգամավոր-գործարարներին, թեեւ դուք իրավունք չունեիք օրենսդրական գործունեությանը զուգահեռ միաժամանակ գործարարությամբ զբաղվելու, դուք եք առաջինը տուժելու ԵՏՄ-ից: ՌԴ ամբողջ քարտեզը դեֆորմացիայի մեջ է, ու մենք ինքնուրույն քաղաքականություն վարելու խնդիր ենք ունենալու»: Քիչ անց ՕԵԿ խմբակցությունը քսան րոպե ընդմիջում խնդրեց, երբ քվեարկության պետք է դրվեր «ԴԱՀԿ մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը: Ընդմիջումից հետո օրինագիծը չանցավ 48 կողմ, 59 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ արտահերթ նիստերում քննարկված մյուս օրինագծերի քվերակությանը ՀԱԿ խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու: Ի դեպ, 68 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ էլ ընդունվեցին «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի՝ Կառավարության ներկայացրած նոր փոփոխությունները: