Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խնդրում եմ խնդրանքս չմերժեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
e5210b9e6f04f91f43555d50c47a88a2

ԱԺ-ն քառօրյայի սկզբին անդրադարձավ նաեւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագձին, որով նա կոչ էր անում ԱԺ-ին դատապարտել Օսմանյան կայսրության կողմից ազգային փորամասնությունների՝ հայերի, պոնտոսահույների, եզդիների, ասորիների եւ այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունները եւ որպես դատապարտման օր՝ ընդունել դեկտեմբերի 9-ը: Խորհրդարանի մեծամասնության կարծիքով՝ օրինագիծը թույլ է, իսկ փաստերը՝ խեղաթյուրված: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իր կողմից պատրաստ է ներկայացնել Ցեղասպանությունների դատապարտման հայտարարության նոր տեքստ: ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը նշեց, որ հայերի համար կան սրբություններ, որոնք շահարկման առարկա չպետք է դարձնել. «Մեր կողմից հնչած յուրաքանչյուր բառ, նախադասություն կարող է ուղղվել մեր դեմ ու ջուրը գցել այն տաժանակիր աշխատանքը, որը 99 տարում արել ենք: դրա համար զգացմունքայնության վրա խաղալու անհրաժեշտություն չկա: Կոչ եմ անում հետ վերցնել նախագիծը»: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց՝ եթե ԱԺ-ն ընդունի այս գաղափարը, կարող են ներկայացնել առաջարկություններ ու միասին աշխատել առկա թերությունների շուրջ. «Ես պատրաստ կլինեմ ընդունել բոլոր առաջարկներն՝ ավելի կատարելագործելու այս օրինագիծը, որպեսզի արագ ընդունենք այն»: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով՝ եթե մինչ այս պահը ինքը եւս կողմ էր, որ նախագիծը հետ ուղարկվի, ապա հիմա կարծում է՝ թեեւ օրինագծում խնդրահարույց հարցեր կան, սակայն կարելի է գնալ ընդառաջ գործընկերոջը եւ քննարկել: Մինչդեռ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ հանձնաժողովում շահագրգիռ քննարկում է եղել. «Ես նշել էի, որ օրինագծում կան փաստագրական սխալներ, որոնք ծիծաղելի իրավիճակի մեջ կարող են դնել ԱԺ-ին: Եղել է փաթեթ, ես բազմաթիվ առաջարկություններ եմ արել: Տարօրինակ է, որ բոլոր առաջարկները մերժվել են: Նորից կոչ եմ անում տիկին Փոստանջյանին՝ առաջին նախագիծը դնել քննարկման»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. «Ասում ենք, որ չքննարկենք օրինագիծը, սակայն պետք է միասին այն քննարկենք, մշակենք, լավ տեսքի բերենք ու հանգենք ընդունելի տարբերակի: Եթե դրվի այն քվեարկության, մենք ստիպված կողմ ենք քվեարկելու: Սակայն եկեք հանենք նախագծի քվեարկությունից, որպեսզի տարաբնույթ կարծիքների տեղիք չտանք»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ԱԺ-ում չկա մի քաղաքական ուժ, որ չկիսի տիկին Փոստանջյանի մտահոգությունը. «Սակայն ԱԺ-ն քաղաքական մարմին է, ու նա չպետք է սխալվի ու վրիպի: ԲՀԿ-ն չի կարող դեմ քվեարկել այս օրիկնագծին, սակայն կոչ ենք անում ձեռնպահ մնալ քվեարակության դնելուց»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց նախագիծը հանել քվեարկությունից. «Քաղաքական սխալ իրավիճակ կառաջանա, եթե այն դնենք քվեարկության: Դրա համար նորից վերլուծեք, քննարկեք: Խնդրում եմ խնդրանքս չմերժեք. ձեր գաղափարի կողմնակիցներն ենք հաստատուն ձեւով»: «Տիկին Փոստանջյան, ԱԺ-ն սպասում է ձեր որոշմանը»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: «Ես հետ կվերցնեմ իմ օրինագիծը եւ այլեւս գրավոր չեմ դիմի պատգամավորներին: Տվեք ձեր առաջարկները, որպեսզի մեր պարտքը կատարենք»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։