Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սթափության նամակ-կոչ՝ ԱԺ պատգամավորներին

Քաղաքականություն
275px-Hayazngerb

ԵՏՄ-ին միանալու օրինագիծը  ԱԺ  մտնելու կապակցությամբ, <Հայազն> կուսակցությունը բաց նամակ է հղել ԱԺ պատգամավորներին: Կուսակցությունը նաև երթ է կազմակերպել, որը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 1-ին

Նամակը ներկայացվում է ստորև. «ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, ԱԺ վավերացմանն է ներկայացված Եվրասիական Տնտեսական Միությանը միանալու պայմանագիրը: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ին միանալու որոշումն՝ արդեն ամրագրված և ապագայում ստանձնելիք պարտավորությունների տեսանկյունից կոպտորեն ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունը, հակասում է գործող Սահմանադրության տառին ու ոգուն և անմիջական վտանգ է ներկայացնում Հայոց պետական անկախությանը: Ռուսական կայսրության վերականգնման կրեմլյան ծրագրերը այլևս ոչ մեկի համար գաղտնիք չեն, ինչպես որ գաղտնիք չէ, թե ինչ հանգամանքներում Սերժ Սարգսյանը ենթարկվեց Պուտինի թելադրանքին: Պետականության կորստի ներկա սպառնալիքը Հայաստանի տարբեր տարիների կառավարիչների և ողջ քաղաքական վերնախավի հետևողական անսկզբունքայնության, Հայոց պետականությանն ուղղակի չհավատալու, արտաքին կողմնորոշումներին ապավինելու և օտարահաճ ստորաքարշությամբ դրանց տրվելու հետևանք է: Իշխող վարչախմբերը, չվաստակելով սեփական ժողովրդի աջակցությունը, ներքին օրինավորության պակասը ահագնացող զիջումների գնով շարունակաբար փորձել են փոխհատուցել արտաքին լեգիտիմությամբ՝ երկիրը ենթարկելով օտար ուժի կենտրոնների կամայականություններին: Մինչ օրս Հայաստանի խորհրդարանը այդ ամենին հետևել է կրավորական անտարբերությամբ: Որպես հետևանք՝ ներկա վարչախումբը կորցրել է անգամ արտաքին կողմնորոշումումների միջև սեփական կամքով ընտրություն կատարելու հնարավորությունն ու իրավունքը և բացահայտ հարկադրանքի ներքո կայացրել Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական հակամարտության մեջ ներքաշող անպատասխանատու և հանցավոր որոշում։ Այսօր Ազգային ժողովին առաջարկվում է վավերացնել այդ հանցավոր քայլը: Արդարամտության և զգոնության հորդոր ենք հղում ձեզ' հույսով, որ ձեր կայացնելիք որոշմամբ չեք հանցակցի Հայոց պետության ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ ոտնձգություն կատարող և վերահաս ծայրագույն խստությամբ պատժվելիք դավաճաններին: Հիշեցնենք, որ ճիշտ քառորդ դար առաջ այս օրը դեռևս ոչ անկախ, կոմունիստական Հայաստանի խորհրդարանը կայացրեց մի պատմական որոշում' Արցախի Ազգային Խորհրդի հետ համատեղ նիստում հռչակեց Արցախի միավորումը Հայաստանին: Կոմունիստական համակարգի կողմից նշանակված այդ մարդիկ անկախ երկրի ընտրված պատգամավորներ չէին, սակայն իրենց դրսևորեցին որպես պատասխանատու հայորդիներ և կայացրեցին իրապես ինքնիշխան ազգին վայել պատմական մի որոշում: Դուք այսօր, անկախ ձեր ընտրվելու եղանակից, ներկայացնում եք դեռևս անկախ Հայաստանը, սակայն ձեզ ուզում են վերածել անկախության գերեզմանափորների: «Հայազնը», հավատարիմ մնալով ազգային-պետական ինքնիշխանության բացարձակ գերակայության՝ որևէ վերպատական կազմավորմանը չմինալու անդրդվելի սկզբունքին, վստահ է, որ Հայաստանում ազգային-պետական համակարգի անխուսափելի համապարփակ փոփոխություններից հետո առաջին իսկ իսկապես ազգային կառավարությունը ոչ միայն չեղյալ կհայտարարի բոլոր ստրկացնող քաղաքական ու տնտեսական համաձայնագրերը և կվերականգնի մեր երկրի ամբողջական ինքնիշխանությունը, այլև անողոք, բայց և արդարացի պատասխանատվության կենթարկի ներկայիս անխտիր բոլոր գործիչներին, որոնք մասնակցել են հիշյալ հակապետական ազգադավ պայմանագրերի կնքմանը, վավերացմանը և իրականացմանը: «Հայազն» կուսակցության վարչություն»