Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանց մարմնի վրա երեւում են փակ սահմանի հետեւանքները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
-Ta_NuNSE-U

Անկարայի համալսարանի քաղաքագիտական ֆակուլտետի սրահում արդեն 6 տարի ցուցահանդեսով հիշում են երիտթուրքերի իշխանության գալու 100-ամյակը։ Ավելին՝ պարզ հայերենով նրանք համարվում են հայրենիքի ազատարարներ, որոնք ոտքի տակ են տալիս օսմանյան կայսրության սուլթանին՝ Աբդուլ Համիդին։ Իսկապես, լուսանկարներից երեւում է, որ մարդիկ ոգեւորությամբ են դիմավորել նրանց։ Այստեղ կարելի է տեսնել Էնվեր Փաշային, երիտթուրքական զինանշանը։ Կա հիշողությունը, որ օսմանցիները կառավարել են մոտ 600 տարի։ Երիտթուրքերի մասին այս ցուցահանդեսում այլ տեղեկություններ չկան։ Ֆակուլտետի հարեւան սրահում մեկ այլ ցուցահանդես է՝ հայ-թուրքական փակ սահմանի մասին ։ Այստեղ արդեն մարդկանց պատմություններ են, հիմնականում հայերի, որոնց մարմնի վրա են երեւում փակ սահմանի հետեւանքները ։ Նրանք տխուր են, աղքատ, նրանց խեղդում է կարոտը ։ Հենց այդ օրերին քաղաքագիտական ֆակուլտետի դահլիճում հայերը եւ թուրքերը խոսում են փակ սահմանի մասին։ Կարսի նախկին քաղաքապետն ասում է, որ Թուրքիայի իշխանություններին պետք չէ հայ-թուրքական բաց սահմանը։ Ինքը փորձում էր, իրեն թույլ չտվեցին… «Ես իշխող կուսակցության քաղաքապետն էի Կարսում, երբ փորձեցի քաղաքականությունից դուրս մարդկային արժեքներից խոսել, ինձ հեռացրեցին քաղաքապետի պաշտոնից»,- ասում է Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն։ Կարսի գործող քաղաքապետի օգնականը հիշեցնում է, որ բարեկամությունն այդքան էլ հեշտ բան չէ, մինչեւ հիմա էլ Թուրքիայում, երբ վիրավորում են որեւէ մեկին, ասում են հայ ես։ Վստահ եմ՝ նույնն էլ հայերն են անում։ Կոնֆերանսի թուրք մասնակիցներից մեկը կոնկրետ էր՝ հայ-թուրքական հարաբերություններ հնարավոր չեն. «Հայաստանի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհական է, որը ֆաշիստական գաղափարախոսություն է։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հայ-թուրքական երկխոսությունը»։ Տնտեսագետ Յուսալ Շահբազը զգուշացնում է, որ սահմանի բացումը Թուրքիային ձեռնտու չէ, քանի որ իր երկրում գործում են Եվրամիության տնտեսական օրենքները, իսկ հայերը մաքսային միության անդամ են Տնտեսագետ Յուսալ Շահբազը նկատում է. «Ռուսներն աշխատում են, որ սահմանը փակ մնա եւ հայ օլիգարխներին էլ է դա ձեռք տալիս։ Մեր սակագները ցածր են Մաքսային սակագներից։ Այնպես որ սահմանի բացումով կաշխուժանա միայն զբոսաշրջությունը»։ Ժիրայր Լիպարիտյանը տեղեկացնում է, որ թյուրիմացաբար հայ-թուրքական սահմանի բացումը ներկայացվում է, որպես Հայաստանի տնտեսական շահ։ Իրականում այն նաեւ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Սակայն այլ փակագծեր չի բացում պարոն Լիպարիտյանը։