«Թիրախը շարժական է». լսումներ ԱԺ-ում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում «ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ ԵՏՄ-ում առավել զգայուն հարցը սակագնային կարգավորումն էր. «Կգործի միասնական մաքսատուրք՝ երրորդ երկրներից ներմուծված ապրանքների նկատմամբ, եւ դրա համար սահմանվել է ապրանքների ցանկ, որն իր մեջ ներառում է սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքները, էներգակիրները, դեղորայք, արդյունաբերական ապրանքներ»: Նա նաեւ հիշեցրեց, որ կա 750 ապրանքների մասով մաքսատուրքերի անցումային փոփոխություններ, զրո դրույքաչափ կգործի ՀՀ-ում արտադրված ապրանքների համար, մինչեւ 2015թ. հունվարի մեկը կնքված ներմուծվող ապրանքների համար, ատոմակայանի վերազինման համար ներմուծվող էներգակիրների համար, մշակութային ու գիտական ապրանքների ներմուծման դեպքում կգործի ավելի քիչ մաքսադրույք, իսկ գյուղատնտեսական ապրանքների համար կլինի ավելի ցածր դրույքաչափ, քան իրականում կար: Մաքսադրույքների անցումային փոփոխությունները կտատանվեն 2-8 տարվա սահմաններում: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն էլ հայտարարեց, որ ՀՀ-ն առաջինն էր, որ պետք է անցնի այդ ճանապարհը եւ որի համար ավելի քրտնաջան աշխատանք էր պետք. «Թիրախը, որին մենք ձգտում էինք, շարժական է, չէ որ մեր ճանապարհային քարտեզը հաստատվել էր»: ՀՀ-ն ԵՏՄ անդամ է դառնում 2015թ. հունվարի մեկից. «Մի նրբություն եմ ուզում ասել՝ մենք միացել ենք ոչ թե ԵՏՄ-ին, այլ ԵՏՄ միանալու մասին պայմանագրին, քանի որ տրամաբանական է՝ միությունը դեռ գոյություն չունի»: Փոխնախարարը վստահեցրեց, որ շատ ոլորտներում ՀՀ-ն ոչ միայն չի զիջում ԵՏՄ անդամ պետություններին, այլեւ գերազանցում է: Նա ընդգծեց, որ Վրաստանի հետ ռեժիմները պահպանվում են եւ կա տրանզիտի հետ կապված հատուկ հավելված: Պարոն Քոչարյանը նաեւ նշեց, որ ԵՏՄ լիարժեք անդամ կդառնանք, երբ անդամ պետությունների բոլոր չորս խորհրդարաններում կավարտվեն քննարկումներն ու կվավերացվի պայմանագիրը։